Ծրագրի այգեհիմնման փոխհատուցման բաղադրիչը դադարեցվել է,
գործում է վարկային բաղադրիչը
Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող բազմամյա տնկարկների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Ծրագիրը իրականացվում է 2021-2026 թվականներին և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։
Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, իսկ առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ բազմամյա տնկարկներում (այն այգիներում, որոնց ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը) կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները մինչև ներդրման աշխատանքների սկսվելը դիմում են ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ), վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով, միաժամանակ նախարարություն ներկայացնելով ծրագրի 22-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ փոխհատուցման բաղադրիչի դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարությանը։
Ծրագիրը պետք է իրականացվի մեկ կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ ենթակապալառուների, բացառությամբ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքերի, որոնք կարող են իրականացվել նաև առանց կապալառու կազմակերպության։ Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման (Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան) դեպքերում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ջրավազանի կառուցման դեպքում՝ նաև համայնք) կարող է ծրագիրն իրականացնել առանց կապալառուի ներգրավման՝ պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։
Ծրագրի շրջանակում շահառուն պարտավոր է նաև այգեհիմնմանը հաջորդող 3 տարիների համար վարել գրանցամատյան։
Բաղադրիչ 1․Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
Նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուի համար, որի վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվում է 1 տարի ժամկետով և տրամադրվում է 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։
Նախատեսված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում է ֆինանսական կառույցին՝ կից ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)․
Հայտարարագրի օրինակելի ձևը կարող եք տեսնել այստեղ։
Բաղադրիչ 2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում
Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60 %-ը։ Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50 %–ը, բայց ոչ ավելի քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը։
Ծրագրի շրջանակում 0․5-3 հա բազմամյա տնկարկներում N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում՝ 50 %-ը՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծախսի առավելագույն սահմանաչափի (12.1 մլն դրամ) համապատասխանաբար 75 կամ 50 %-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
Ծրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին: Ծրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումները հնարավոր է նաև ներկայացնել կից հղումով՝ https://benefits.mineconomy.am
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
aygi.am Առաջին հայալեզու կայքը այգեպտղաբուծության վերբերյալ