«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից
արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն
նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրում
Ծագման երկրի սերտիֆիկատի ստացման գործընթացի պարզեցում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:
Իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը: Նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացրել և իրականացնում, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ արդյունաբերության առանձին ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է կառավարման ժամանակակից մոդելների, արդի և մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնել միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր:
Նշված նպատակների իրագործման համար մշակվել և ընդունվել է 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՀ կառավարության N 534-L որոշումը «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին», որի նպատակն է սահմանել առաջիկա հինգ տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։ Ակնկալվում է, որ գերակա ոլորտների զարգացման ռազմավությունների իրագործումը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում, արդյունաբերության արտադրողականության բարձրացում, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ թե՛ ապրանքների, թե՛ արտահանման ուղղությունների առումով, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։
Փաստաթղթում նախանշվել են արդյունաբերության զարգացման հեռանկարային 5 ոլորտներ, որոնցից մասնավորապես դեղագործության ոլորտի համար ընդունվել է 2023 թվականի մայիսի 25-ի Կառավարության N 811-Լ որոշումը «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին», որտեղ ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:
Դեռևս մշակման փուլում են գտնվում սննդի արդյունաբերության, ոսկերչության և ադամանդագործության, ծանր արդյունաբերության (մետալուրգիա, քիմիա), սարքաշինության (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ) զարգացման ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը, որոնք ուղղված են տնտեսական աճին, արտահանման ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Պետական աջակցության գործիքակազմ
Արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման փոխարինմանը:
2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության N 1262–Ն որոշմամբ հաստատվել է Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-271019 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը: Սույն որոշումը փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ին 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 220-Ն որոշմամբ։
2015 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՀ կառավարության N 1118-Ն որոշմամբ հաստատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատելու կարգը, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
Պետական աջակցությունը տրամադրվում է հետևյալ ուղղություններով.
գործարար համաժողովների (ֆորումների), շնորհանդեսների, ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և (կամ) կազմակերպում.
ֆինանսական գործիքների կիրառմամբ` արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում.
օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում.
ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում.
գործարար կապերի հաստատում.
ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում.
արտահանման բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հետազոտության իրականացում։
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ եզրակացության տրամադրում։
Վերոնշյալ եզրակացությունը տրամադրվում է ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի մի շարք որոշումների փոփոխության և ուժը կորցրած ճանաչելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 84 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 42, 43 և 45-րդ կետերի պահանջներով, իսկ տրամադրման կարգը սահմանվում է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 10-ի թիվ 228-Ն որոշման համաձայն։
«Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» ՀՀ կառավարության 2015 թվականի թիվ 30-Ն որոշում, որտեղ սահմանված է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից` համաձայն հավելվածով ներկայացված ցանկի:
Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչությունը, հեռ` (+374 11) 597 145: