Բուսաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ճյուղերից մեկը, որը գլխավորապես զբաղվում է բուսաբուծական արտադրանքի արտադրության նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ: Բուսաբուծական արտադրանքի շնորհիվ ազգաբնակչությունը ապահովում է սննդամթերքով, անասնաբուծության ճյուղին՝ կերերով և արդյունաբերության բազմաթիվ ճյուղերին (սննդարդյունաբերություն, կերերի, տեքստիլի, դեղագործական և օծանելիքի արտադրություններ) բուսական ծագման հումքով:
Մարդու կողմից բույսերի մշակությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և սկզբնական երկրագործության հետքեր հայտնաբերվել են դեռ նեոլիտի ժամանակաշրջանում:
Բուսաբուծության ճյուղն ընդգրկում է դաշտավարությունը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծաղկաբուծությունը:
Դաշտավարություն
Դաշտավարությունը բուսաբուծության հիմնական ուղղություններից մեկն է, որը մասնագիտացած է հատիկային, կերային և տեխնիկական մշակաբույսերի արտադրությամբ:
Հացահատիկային մշակաբույսերից Հայաստանի Հանրապետությունում առավելապես մշակվում է աշնանացան ցորենը, որի ցանքատարածությունը 2025 թվականին կազմել է 47 921 հա, ինչպես նաև գարնանացան գարին՝ 37 930 հա, վարսակը՝ 12 976 հա: Հանրապետությունում հացահատիկի մշակությունը կենտրոնացած է հիմնականում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում:
Հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները 2025 թվականին կազմել են 1548 հա, որից լոբին՝ 786 հա, ոլոռը՝ 456 հա, ոսպը՝ 211 հա և սիսեռը՝ 95 հա: Հատիկաընդեղենների մշակությունը հիմնականում կենտրոնացած է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:
Հանրապետությունում բազմամյա խոտաբույսերի ընդհանուր ցանքատարածությունը համաձայն 2025 թվականի հրապարակումների կազմել է 48687 հա, որից 5613 հա 2025 թվականին իրականացված ցանքերն են:
Բանջարաբուծություն
Հայաստանի Հանրապետությունում բանջարեղենի մշակությունն ու արտադրության կազմակերպումը իրականացվում է բաց դաշտում և պաշտպանված գրունտում:
Պաշտպանված գրունտում բույսերի աճեցման համար ստեղծվում է մշակության համար նպաստավոր կենսապայմաններ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ թարմ բանջարեղեն արտասեզոնային ժամանակահատվածում: Հանրապետությունում վերջին տարիներին մեծ արագությամբ զարգանում են գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունները, որտեղ մշակությունը մեծապես կատարվում է անհող (հիդրոպոնիկ) եղանակով:
2025 թվականի հրապարակումների բանջարային մշակաբույսերի ցանքնատարածությունները կազմել են՝ 17662 հա, բոստանային մշակաբույսերը՝ 4086 հա։
Վերջին տարիներին հատկապես ոչ ավանդական բանջարային մշակաբույսերի մուտք գործելու շնորհիվ ընդլայնվեց ՀՀ-ում մշակվող բանջարեղենների տեսականին: Այդ բանջարեղենների թվին են դասվում բրոկկոլի, կոլրաբին, բրյուսելյան կաղամբը, պեկինյան և չինական կաղամբները, ռուկոլան, կանգկուրը, ֆենխելը, ծնեբեկը և այլն:
Բանջարաբուծությունն առավել զարգացած է Արարատի և Արմավիրի մարզերում:
Կարտոֆիլի ցանքատարծությունները 2025 թվականին կազմել են 16190 հա։ Հանրապետությունում կարտոֆիլի հիմնական մշակությունը իրականացվում է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում։
Պտղաբուծություն
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է: Մի շարք բնակավայրերում (Արմավիր, Շենգավիթ, Գառնի) հայտնաբերվել են 3-6 հազար տարվա վաղեմության ծիրանենու, դեղձենու, սալորենու, խաղողի սերմեր:
Հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի միջոցով ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր տեսակներ: Հայստանում արտադրված պտուղներն ու հատապտուղները բավարարում են ինչպես ներքին շուկայի պահանջները, այնպես էլ արտահանվում են թարմ ու վերամշակված վիճակում:
Հայաստանում զարգանում է ինտենսիվ այգեգործությունը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերում, որտեղ շարունակաբար հիմնվում են հիմնականում ընկուզենու, նշենու, պիստակենու, խնձորենու, ծիրանենու, դեղձենու, կեռասենու, տանձենու և սալորենու ինտենսիվ այգիներ:
Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների 2025 թվականին ընդհանուր պտղատու այգիների տարածությունը կազմում է՝ 49521 հա, խաղողը 15249 հա, իսկ հատապտղանոցները՝ 1856 հա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագիրը նպատակաուղղված է հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացմանը: Բացի այդ ծրագիրը նպատակաուղղված է խթանելու ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև ոչ ավանդական, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը։
Օրգանական գյուղատնտեսություն
Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի և մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Այն հատկապես կարևորվում է ներկայումս կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացման շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2000-ական թվականներից։
Հանրապետությունում արտադրվող, տեղական շուկայում իրացվող, ինչպես նաև փոքրածավալ արտահանվող հիմանական օրգանական արտադրատեսակներից են՝ մեղր, մրգային և բուսական թեյեր, գինի, օղի, համեմունքային բույսեր, հատապտուղներ (ազնվամորի, մոշ), պտուղներ (խաղող, ծիրան, արքայանարինջ, թուզ, նուռ, սալոր, ընկույզ), չրեր (արքայանարինջ, թուզ), յուղեր (խաղողի, չիչխանի և նռան կորիզի) և այլն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան։
2023 թվականի մայիսի 24-ին «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը, միաժամանակ oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրված 5401,60 տոննա սերմերի համար տրամադրվել են 222 հավաստագրեր, որից 4883.86 տոննան կազմել է աշնանացան ցորենը, 494,50 տոննան՝ գարնանացան գարին ու ցորենը։
Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի շրջանակներում 2025 թվականին 85 բնակավայրերի համար կազմվել են ագրոքիմիական քարտեզներ, հողերի ագրոքիմիական դաշտային հետազոտությունների ընդհանուր տարածքը կազմել է 46720 հա, փորձաքննությունների քանակը կազմել է 39401, իսկ վերցված հողանմուշի լաբորատոր փորձարկումների քանակը կազմել է 15573 հատ:
2024 թվականի մարտի 2-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հանդիսանում է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության (UPOV) անդամ։ ՈՒՊՈՎ անդամակցությունը Հայաստանի Հանրապետությունում կապահովի այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիք, կնպաստի բուսաբուծության ոլորտում ներդրումների ավելացմանը, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ, կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները և միջազգային շուկայում կբարձրանա հայկական բուսաբուծական արտադրատեսակների մրցունակությունը, հանրապետությունում սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության ուղղություններում կընդլայնվեն համագործակցության հնարավորությունները:
ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկը