ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման N 4 հավելվածով հաստատվել է «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության» նպատակային միջոցառումը։
Միջոցառման նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը։
Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից հումքի ներկրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն`Ցանկ) ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Շահառուների շրջանակը՝
«Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» (այսուհետ՝ միջոցառում) իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։
Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետությունից արտահանել է ԵԱՏՄ անդամ երկրներ կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ։
Միջոցառման շրջանակներում տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները և աջակցության տրամադրման կարգը՝
Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
Միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն աջակցության մասով միայն մեկ անգամ։
Միջոցառման իմաստով հումք է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ սահմանված «Պաշարները»:
Աջակցության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետները՝
ա. վարկի պայմանագրի ժամկետը՝ մինչև 36 ամիս,
բ. սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 12 ամիս.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
4) տոկոսադրույքի սուբսիդավորման չափը` 8% դրամով և 6% արտարժույթով։
5) Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ։
Միջոցառման շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը։ Միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 182 հեռախոսահամարով։