Կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն
ՀՀ կառավարությունը ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանումը դիտարկում է որպես մասնավոր հատվածի կայուն զարգացման, ներդրումային վստահության բարձրացման և երկարաժամկետ տնտեսական աճի խթանման առանցքային նախապայման։
Կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ ունի նպաստել գործարար միջավայրի թափանցիկության բարձրացմանը, Ներդրողների վստահության աճին, մասնավոր հատվածում ռիսկերի նվազեցմանը, գործարար միջավայրում բարեվարքության ամրապնդմանը, շահակիցների շահերի պաշտպանությանը։
Ի՞նչ է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը
Կանոնագիրքը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդ. 76.1)։
Կանոնագիրքը հաստատվել է Էկոնոմիկայի նախարարի 30․07․2024թ․ հրամանով և հիմնված է կորպորատիվ կառավարման ՏՀԶԿ/G20 սկզբունքների հիման վրա։
Կանոնագրքին միանալը կամավոր է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանվում է այլ կարգավորում։ Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման կանոնների համաձայն՝ Կանոնագրքին միանալը պարտադիր է ցուցակված ընկերությունների համար։
Ինչպե՞ս է կիրառվում Կանոնագիրքը
Կանոնագրքի կիրառումը հիմնված է «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի վրա։ Դա նշանակում է, որ կազմակերպությունը կամ հետևում է Կանոնագրքի սկզբունքներին, կամ ներկայացնում է հիմնավոր բացատրություն՝ չհետևելու պատճառների և կիրառվող այլընտրանքային լուծումների վերաբերյալ։
Կազմակերպությունները, որոնք միանում են Կանոնագրքին, պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար պատրաստել և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը իրենց պաշտոնական կայքէջում հրապարակել Կանոնագրքով նախատեսված տարեկան հաշվետվությունն, ինչպես նաև դրա մաս կազմող կորպորատիվ կառավարման զեկույցը և կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը։
Ի՞նչ պետք է անեն կազմակերպությունները
✅Քայլ 1. Ընդունել Կանոնագրքին միանալու որոշում՝ կազմակերպության ընդհանուր ժողովի կամ այլ իրավասու մարմնի կողմից (կամավոր միանալու դեպքում)
✅Քայլ 2. Գնահատել կորպորատիվ կառավարման հասունության մակարդակը՝ Կորպորատիվ կառավարման առաջընթացի մատրիցայի հիման վրա
✅Քայլ 3. Պարզել կորպորատիվ կառավարման սեփական համակարգի բնութագրական փուլը և դրա վերաբերյալ ձևակերպել կազմակերպության պաշտոնական դիրքորոշում
✅Քայլ 4. Ընտրել և լրացնել համապատասխան փուլի տարեկան հայտարարագրի ձևաչափ
✅Քայլ 5. Կանոնագրքով նախատեսված տարեկան հաշվետվությունն, ինչպես նաև դրա մաս կազմող կորպորատիվ կառավարման զեկույցը և կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը հրապարակել կազմակերպության պաշտոնական կայքում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը
✅Քայլ 6. Հայտարարագրի հրապարակումից հետո դրա հղումն ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլ․ փոստին՝ anhovhannisyan@mineconomy.am։
Կորպորատիվ կառավարման առաջընթացի մատրիցան և հայտարարագրերի ձևաչափերը պարտադիր չեն և ընկերությունները կարող են հայտարարագրերը լրացնել ազատ ձևաչափով՝ բացահայտելով՝ Կանոնագրքով սահմանված բոլոր սկզբունքներին իրենց համապատասխանությունը։
Այնուամենայնիվ, ընկերությունները Կանոնագրքի սկզբունքների և դրանց էությունը պարզաբանող դրույթների աստիճանական ներդրման հարցում աջակցելու, վերջիններիս կորպորատիվ կառավարման համակարգի անհարկի ծանրաբեռնումից և ֆորմալ համապատասխանության ապահովումից խուսափելու նպատակով՝ մշակվել է Կորպորատիվ կառավարման առաջընթացի մատրիցան և հայտարարագրերի փուլային ձևաչափերը, որոնք հայտարարագրման գործընթացը ընկերությունների համար հնարավորինս պարզեցրել են։
Օգտակար փաստաթղթեր և նյութեր
📘 Կորպորատիվ կառավարման կանոնագիրք
📘 Կորպորատիվ կառավարման առաջընթացի մատրիցա (ուղեցույց)
📘 Տարեկան հայտարարագրի ձևաչափ՝ I փուլ
📘 Տարեկան հայտարարագրի ձևաչափ՝ II փուլ
📘 Տարեկան հայտարարագրի ձևաչափ՝ III փուլ
📘 «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի ուղեցույց
▶️ «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքը բացատրող հոլովակ