Օրգանական գյուղատնտեսություն

 

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության բարելավմանն ու խրախուսմանը նպատակաուղղված համակարգ է, որը հողի բարելավումը դիտարկում է որպես հիմնական առանցք՝ որակյալ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության գործում, որին նպաստում է նաև պահանջարկի աճը: Օրգանական արտադրությունում չեն կիրառվում տոքսիկ նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր, արհեստական նյութեր և ճառագայթում, դրա փոխարեն օգտագործվում են օրգանական պարարտանյութեր (հիմնականում՝ գոմաղբ) և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարն իրականացվում է միայն բուսական պատրաստուկներով։  

Օրգանական գյուղատնտեսությունը նպատակ է հետապնդում ստանալ էկոլոգիապես անվտանգ, բնական, մարդու օրգանիզմի համար անվտանգ գյուղատնտեսական արտադրանք, միաժամանակ ճիշտ օգտագործելով բնության ռեսուրսները՝ դրանք անընդհատ լրացնելու պարտադիր պայմանով։

Այսօր օրգանական գյուղատնտեսությունը համարվում է սննդարդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը և օրգանական մթերքն ունի իր կայուն տեղը սննդամթերքի համաշխարհային շուկայում։ Այն համարվում է եկամտաբեր ոլորտ, քանի որ, օրգանական մթերքն ունի ավելի բարձր գին, քան ինտենսիվ գյուղատնտեսությամբ ստացված մթերքները։

Օրգանական գյուղատնտեսությունը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում, որի զարգացման միջազգային դաշնությունը (IFOAM), գործելով աշխարհի ավելի քան 100 երկրներում, խթանում և աջակցում է օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աշխարհում:

2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար հավաստագրվել է շուրջ 58 տնտեսավարող սուբյեկտ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում առկա է զարգացման մեծ ներուժ։ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից, որոնցից հարկ է նշել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն, Կանաչ արահետ, Կանայք հանուն առողջության և այլ կազմակերպությունների գործունեությունը, որոնք նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում կայուն և օրգանական գյուղատնտեսության զարգացմանը, համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ և իրականացնում բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ կարևորելով և աջակցելով էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է։ Գործում են «Oրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքը և օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր։  Գործում է նաև օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին՝ Էկոգլոբ ՍՊԸ-ն, որը ունի միջազգային հավատարմագրում և իրականացնում է օրգանական սերտիֆիկացում հողի, բուսական և կենդանական արտադրության մթերքների, ինչպես նաև վայրի պտուղների հավաքի, մեղվապահության, գինու և այլ ոլորտներում տարբեր շուկաների համար՝ ՀՀ, ԵՄ, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա և այլն:

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում շատ արագ ավելանում է թե´ օրգանական մթերք արտադրողների և թե´ դրանք սպառողների թվաքանակը:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում էր Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից: Ծրագիրը նպաստել է տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 3.3 մլն եվրո: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր է ստեղծել հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Աջակցության գործառույթները, այդ թվում վերապատրաստման և սերտիֆիկացման ծառայությունները, իրականացվել են օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների դասընթացների միջոցով: Ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին և վերամշակողներին տրամադրվել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ հանգեցնելով օրգանական արժեշղթայի մասնակիցների և ծավալների զգալի աճի:

2020 թվականի մարտի 4-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցության ամենախոշոր՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի նպատակն է աջակցել կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակում կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողներն ու ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում:

Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում է օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագրերի մշակման և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ:

Օրգանական գյուղատնտեսության ուղեցույց

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00