Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով և նպաստում է պարենային, տնտեսական անվտանգության և ագրոպարենային շուկայի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է ազգաբնակչությանն անվտանգ, որակյալ մթերքների երաշխավորված ու կայուն մատակարարումը:
Հանրապետության գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններն իրենց առջև խնդիր են դրել բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու թողարկվող արտադրանքի մրցունակությունը և դիվերսիֆիկացնելու արտադրությունը: Որոշ զարգացող ընկերություններ հաջողությամբ մրցում են ինչպես ներքին և ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում և ներդրումներ են կատարում արտադրության հետագա զարգացման համար:
Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտահանման ծավալների աստիճանական ավելացումը որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:
2019 թվականին ագրոպարենային արտադրանքի արտաքին առևտրաշրջանառության ծավալն, ընթացիկ գներով, նախորդ տարվա համեմատ աճել է 10.7%-ով և կազմել 1 671.7 մլն ԱՄՆ դոլար: 2019 թվականին հանրապետություն է ներմուծվել 866.6 մլն ԱՄՆ դոլարի (2018թ.՝ 805.1 մլն ԱՄՆ դոլար) ագրոպարենային արտադրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման շուրջ 15.7%-ը: Արտահանումը կազմել է 796.4 մլն ԱՄՆ դոլար (2018թ.՝ 696.7 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ընդհանուր արտահանման` 30.2%-ը։ 2019 թվականին ագրոպարենային արտադրանքի ներմուծումն նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 7.1%-ով, իսկ արտահանումը՝ 12.5%-ով: Ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներում գերակշռում են թարմ պտուղբանջարեղենը, խմիչքները, պահածոները և ձուկը:
Ըստ գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 1600 սննդամթերքի արտադրության ձեռնարկություն, այդ թվում․
2019 թվականին գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 34.8%, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 49.8%:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրատեսակների 2015-2019 թվականների արտադրության ծավալները ներկայացված են N 1 աղյուսակում:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված հիմնական արտադրատեսակների արտադրության, արտահանման, ինքնաբավության մակարդակը և իրացման կառուցվածքում տեղական արտադրության մասնաբաժինը 2017-2019 թվականներին ներկայացված է N 2 աղյուսակում:
Հանրապետության վերամշակող արդյունաբերության ընկերությունների կողմից 2015-2019 թվականներին պտղի, բանջարեղենի և խաղողի գնումների ծավալները ներկայացված են N 3 աղյուսակում:
Զգալիորեն ավելացել և չափազանց բազմազան է դարձել մթերվող բանջարեղենի ու պտղի տեսականին: Մթերվում է հանրապետությունում աճող բանջարեղենի, պտղի ու հատապտղի գրեթե ողջ տեսականին, այդ թվում՝ լոբի, բամիա, սև և կարմիր պղպեղ, գազար, դդում, բոխի, շուշան և վայրի այլ բույսեր, հատապտուղների գրեթե ողջ տեսականին, նուռ, սերկևիլ, սալոր, կեռաս, բալ, կանաչ ընկույզ, մասուր, թութ և այլն:
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակի բարձրացման, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև հումքի գնման պայմանագրային հարաբերությունների խորացման, գյուղացիական տնտեսություններին հումքի իրացման կայուն երաշխիքների տրամադրման և գնված հումքի դիմաց վճարումները կարճ ժամանակահատվածում գյուղացիական տնտեսություններին կատարելու նպատակով, 2017 թվականից սկսած, իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրված նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3 տոկոս: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից օգտվել են պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները:
Ծրագրի իրականացման արդյունքում ձևավորվել են գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ և վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ 2019 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի արժեքը գյուղացիական տնտեսություններին ամբողջությամբ վճարվել է մինչև դեկտեմբերի վերջ, այն դեպքում, երբ 2017 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 1377.8 մլն դրամ (5.9 %), 2018 թվականին՝ 200.4 մլն դրամ (0.7 %), իսկ 2016 թվականին՝ 2048.4 մլն դրամ, որից 110.3 մլն դրամը 2015 թվականին մթերված հումքի դիմաց։
2019-2020 թվականներին, ծրագրի արդյունավետությունը բարելավելու նպատակով, ծրագրի շրջանակներում վարկերի դասակարգման ուղղությունը լրացվել է նոր՝ կաթի մթերման և սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղություններով:
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելու նպատակով, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքը սահմանվել է 0 տոկոս, վարկի մարման ժամկետը երկարացվել է մինչև 1.5 տարի, իսկ վարկերի դասակարգման ուղղությունը լրացվել է նոր՝ պտուղբանջարեղենի գնումների ու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման ուղղությամբ: Տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվում են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:
Գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման նպատակով, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերման համար ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք լիզինգով կարող են ձեռք բերել մինչև 450 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ։ Լիզինգը տրամադրվում է մինչև 8 տարի մարման ժամկետով, 20% կանխավճարով և 4% տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար 0% տոկոսադրույքով։
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելու նպատակով, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է 0% տոկոսադրույքով։
Մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ագրովերամշակման ոլորտի օրենսդրական բարեփոխումների և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը, ԵԱՏՄ-ի հետ արագ ինտեգրմանը, Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը և լրջորեն կխթանեն արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ -ի ապրանքախմբերով/Ներմուծում
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ -ի ապրանքախմբերով/Արտահանում
Ցանկ Հայաստանի Հանրապետության սննդի և վերամշակող արդյունաբերության խոշոր և միջին ընկերությունների