ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը

 

Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով և նպաստում է պարենային, տնտեսական անվտանգության և ագրոպարենային շուկայի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է ազգաբնակչությանն անվտանգ, որակյալ մթերքների երաշխավորված ու կայուն մատակարարումը:

Ներկայումս հանրապետության գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններն իրենց առջև խնդիր են դրել բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու թողարկվող արտադրանքի մրցունակությունը և դիվերսիֆիկացնելու

արտադրությունը: Որոշ զարգացող ընկերություններ հաջողությամբ մրցում են ինչպես ներքին և ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում և ներդրումներ են կատարում արտադրության հետագա զարգացման համար:

 Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտահանման ծավալների աստիճանական ավելացումը որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:

2022 թվականին ագրոպարենային արտադրանքի արտաքին առևտրաշրջա-նառության ծավալն, ընթացիկ գներով, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 40.7%-ով և կազմել 2656.0 մլն ԱՄՆ դոլար: 2022 թվականին հանրապետություն է ներմուծվել 1369.9 մլն ԱՄՆ դոլարի (2021թ.՝ 965.6 մլն ԱՄՆ դոլար) ագրոպարենային արտադրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման շուրջ 15.6%-ը: Արտահանումը կազմել է 1286.1 մլն ԱՄՆ դոլար (2021թ.՝ 918.6 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ընդհանուր արտահանման` շուրջ 23.8%-ը։ 2022 թվականին ագրոպարենային արտադրանքի արտահանումն նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 40.0%-ով, իսկ ներմուծումը՝ շուրջ 41.9%-ով: Ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներում գերակշռում են թարմ պտուղբանջարեղենը, խմիչքները, պահածոները և ձուկը:

2022 թվականին գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 34.1%, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 50.6%:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրատեսակների 2018-2022 թվականների արտադրության ծավալները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված հիմնական արտադրատեսակների արտադրության, արտահանման, ինքնաբավության մակարդակը և իրացման կառուցվածքում տեղական արտադրության մասնաբաժինը 2020-2022 թվականներին ներկայացված է N 2 աղյուսակում:

Հանրապետության վերամշակող արդյունաբերության ընկերությունների կողմից 2018-2022 թվականներին պտղի, բանջարեղենի և խաղողի գնումների ծավալները ներկայացված են N 3 աղյուսակում:

 

Զգալիորեն ավելացել և չափազանց բազմազան է դարձել մթերվող բանջարեղենի ու պտղի տեսականին: Մթերվում է հանրապետությունում աճող բանջարեղենի, պտղի ու հատապտղի գրեթե ողջ տեսականին, այդ թվում՝ լոբի, բամիա, սև և կարմիր պղպեղ, գազար, դդում, բոխի, շուշան և վայրի այլ բույսեր, հատապտուղների գրեթե ողջ տեսականին, նուռ, սերկևիլ, սալոր, կեռաս, բալ, կանաչ ընկույզ, մասուր, թութ և այլն:

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակի բարձրացման, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև հումքի գնման պայմանագրային հարաբերությունների խորացման, գյուղացիական տնտեսություններին հումքի իրացման կայուն երաշխիքների տրամադրման և գնված հումքի դիմաց վճարումները կարճ ժամանակահատվածում գյուղացիական տնտեսություններին կատարելու նպատակով 2017 թվականից սկսած իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում  սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար՝  12 տոկոսային կետը։

2019-2022 թվականներին ծրագրի արդյունավետությունը բարելավելու նպատակով ծրագրի շրջանակներում վարկերի դասակարգման ուղղությունը լրացվել է նոր՝ կաթի մթերման, սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների և շինշիլայի գնումների ուղղություններով:

Ծրագրի շրջանակներում՝

-               վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.

-               վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.

-               վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.

-               սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.

-               սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.

-               շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.

-               միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա։

Տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը՝

- 3 տարի մարման ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար.

- 1.5 տարի մարման ժամկետ՝ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

Գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման նպատակով լիզինգային մեխանիզմների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերման համար ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի  N 893-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող ֆիզիկական և իրավաբանական անձինք լիզինգով կարող են ձեռք բերել մինչև 1000.0 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ։ Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով, 20 % կանխավճարով,  սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը։

          Միաժամանակ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվել է ՀՀ արտահանման այընտրանքային շուկաների համապարփակ վերլուծություն՝ գնահատելով Հայաստանի արտահանման խոցելիությունը, այլընտրանքային շուկաների ընտրության վրա ազդող գործոնները, մարտահրավերները, լոգիստիկ դժվարությունները, ինչպես նաև որոշ առանձին պարենային ապրանքների համար (գինի, պանիր, ձուկ, լոլիկ, վարունգ, ծիրան, դեղձ և այլ բանջարեղեններ) արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները։

           Բացի այդ, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, գործարար նոր կապերի հաստատման և համագործակցությունների ձեռքբերման, արտադրանքի արտահանման ծավալների աճի խթանման նպատակով Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ 2023 թվականին ապահովվել է մասնակցություն թվով 7 միջազգային ցուցահանդեսի, ինչպես նաև մի շարք ֆորումների, համաժողովների և համտեսների:

1.    Հայաստանի պարենային անվտանգությունը

Պարենային անվտանգության ապա­­հովումն ազգային ան­վտան­գու­թյան կա­րևո­րա­գույն բաղադրիչներից է:

Պարենային անվտանգությունը իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ուղղված է անհրաժեշտ որակի և բավարար քանակությամբ, առողջության համար անվտանգ լիարժեք պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների համար, և կարող է սպառվել նրանց կողմից ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ։ Երկրի պարենային անվտանգությունը հիմնականում ապահովվում է գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության և սննդի ներմուծման համակարգերի զարգացման միջոցով:

Պարենային անվտանգությունը կարևորվում է ինչպես միջազգային մակարդակներում, այնպես էլ Հա­յաս­տանի Հանրապետությունում։ Պարենային անվտանգության համակարգի ապահովման նպատակով ընդուն­վել են բազմաթիվ իրավական ակտեր, որոն­ցից կարելի է առանձնացնել.

         - Մարդու Իրավունքների Հռչակագիրը,

         - ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման նպատակները,

         - «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը,

         - «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը»

         - «Հայաստանի Հանրապե­տու­թյան ազ­գային անվտանգության ռազմա­վարու­թյու­նը»,

         -«Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2020-2030 թվա­կանների կայուն զարգացման ռազմավարությունը»,

          - Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ արձանագրային որոշման կետ 9-րդ կետով հավանության արժանացած միջոցառումները։

Երկրի պարենային անվտանգության բնորոշման հիմնական ցուցանիշը պարենամթերքի ինքնաբավության մակարդակն է:

Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծու­թյունը վկայում է, որ, էներգետիկ արժեքով հաշվարկված, կենսապես կարևորագույն պարենամթերքի ինք­նա­բավության մակարդակը 2022 թվականի տվյալներով կազ­մել է շուրջ 48 %:

Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում` կար­տոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, ոչխարի և այծի մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջինից բարձր ինքնաբավության մակարդակ է ապահովվում տավարի և խոզի մսի, կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակա­բույսերի, բուսական յուղի, թռչնի մսի ինքնաբավության մակար­դակը շարու­նակում է մնալ ցածր:

Համաձայն ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի 2019-2022 թվականներին առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնա­բավության մակարդակները կազմել են՝

Միջազգային պրակտիկայում երկրների պարենային անվտանգության դիրքը գնահատվում է պարենային անվտանգության գլոբալ ինդեքսով, որը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ պարենամթերքի մատչելիություն, հասանելիություն, որակ և անվտանգություն, բնական ռեսուրսներ և ճկունություն, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ձևավորվում է մի քանի գործոններով։

Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, հասանելիությունը, որակը և անվտանգությունը:

Պարենամթերքի մատչելիության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններն են հանդիսանում համախառն ծախսերում սննդամթերքի վրա կատարվող ծախսերի ավելացումը, զբաղվածության ավելացումն և աղքատության նվազեցումը, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ավելացումը, սննդամթերքի գնաճի ցածր և կայուն մակարդակի ապահովումը, բնակչության գնողունակության մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական ապրանքների ներկրման տարիֆային կարգավորումները, շուկաների արդյունավետության ու արտաքին գործոնների նկատմամբ դիմակայության բարձրացումը և այլն:

Պարենամթերքի հասանելիության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններն են հանդիսանում՝ սննդամթերքի բավարար պաշարների և կենսապես կարևորագույն պարենամթերքի նյութական պահուստի առկայությունը, արտակարգ իրավիճակներում հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելումը, տարածքային համաչափ զարգացումը, պարենամթերքի արժեշղթաների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը, պարենամթերքի արտադրության, պահման և իրացման շղթայում առաջացող կորուստների նվազեցումը, պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում կատարվող ծախսերի ավելացումը և այլն:

Պարենամթերքի որակի և անվտանգության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններն են հանդիսանում՝ բնակչությանը լիարժեք և առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքով ապահովումը, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության համակարգերի պատշաճ մակարդակի ապահովումը, սննդի որակի և անվտանգության ստանդարտների և համակարգերի ներդրումը և դրանց ապահովման նկատմամբ իրականացվող մոնիթորինգն ու վերահսկողությունը, սնուցման ազգային ռազմավարության առկայությունը, որով պետք է նախանշվեն օգտագործվող սննդամթերքի բազմազանեցումը և սննդամթերքի միջոցով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի ստացման ապահովումը և այլն:

Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրագործման համատեքստում ակնկալվում են հետևյալ  ազդեցությունները՝

  1. Բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում․
  2. Հայաստանի 2020-2050 թվականների վերափոխման ռազմավարությամբ Global Food Security Index-ի համար նախանշված մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված թիրախների ապահովում․
  • գյուղատնտեսական ապրանքների մատչելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) մատչելիության (Affordability) գնահատականի), 76 համաթվի ապահովում 2030 թվականին` բազային 64.9 համաթվի դիմաց,
  • գյուղատնտեսական ապրանքների հասանելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) հասանելիության (Availability) գնահատականի), 80 համաթվի ապահովում 2030 թվականին՝ բազային 55.4 համաթվի դիմաց,
  • կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակ (էներգետիկ արժեքով հաշվարկված, %), 70% ինքնաբավություն` բազային 46.7 %-ի դիմաց,
  • բնական ռեսուրսների և դիմադրողականության ինդեքսավորված գնահատական (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index / Natural Resources and Resilience score - indexed)), 1.4 ցուցիչ 2030 թվականին

     3. Նյութական պահուստում ներառված նյութական արժեքների վերանայված անվանացանկ և նյութական պահուստի մասին օրենքի ու        պահուստի պաշարի ծավալների, դրանց ձևավորմանը, պահպանմանը և թարմացմանն ուղղված մեխանիզմներն ու ընթացակարգերը սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի առկայություն։

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ -ի ապրանքախմբերով/Ներմուծում

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ -ի ապրանքախմբերով/Արտահանում

Ցանկ Հայաստանի Հանրապետության սննդի և վերամշակող արդյունաբերության խոշոր և միջին ընկերությունների

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00