Ծրագրի վերաբերյալ կարճ տեսահոլովակ
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։
Շահառուների շրջանակը
- Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող։
- Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով։
- միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ։
Վերոնշյալ կետերով նախատեսված օժանդակության գործիքներով օժանդակություն ստացող շահառուները պետք է միացած լինեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 1955-Ն հրամանով հաստատված Կորպորատիվ կառավարման կանոնագրքին։
Կանոնագրքի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։
Ծրագրի շահառու չեն կարող դառնալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները։
Ծրագրով առաջարկվող օժանդակության չափերը
- պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն դրամը,
- պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով առաջին երեք տարիների համար, բայց ոչ ավելի, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար,
- բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 50 միլիոն դրամը։
- միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի սուբսիդավորում 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 50 միլիոն դրամը, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։
Օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Հայտ ներկայացնելու համար խնդրում ենք անցել հղումներով․
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար միանվագ օժանդակություն ստանալու հայտ։
Կարևոր ծանուցում․
Հայտը լրացնելու համար նախապես անհրաժեշտ է ներբեռնել Adobe Acrobat հավելվածը։
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բաժնետոմսերի տեղաբաշխման համար միանվագ օժանդակություն ստանալու հայտ։
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման եվ սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում ստանալու հայտ։
Լրացված հայտը և կից փաստաթղթերը Էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված դիմումով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ուղարկել secretariat@mineconomy.am էլ․ փոստի հասցեին:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն, հեռ․՝ +374 11 59 71 43։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40