Ազատ տնտեսական գոտում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստր
Ազատ տնտեսական գոտիներն ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:
Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթն «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքն է։
Ավելացված արժեքի հարկից ազատվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը, ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկից և գույքահարկից, տրվում են մաքսատուրքի վճարման արտոնություններ:
Ու՞մ կողմից կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտի
• Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ
• Մասնավոր նախաձեռնությամբ
Ինչպե՞ս դառնալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ
• Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրավաբանական անձի ստեղծման (հիմնադրման) միջոցով կամ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպչի ընտրության միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կիրառելով օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գնահատման չափանիշները:
Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 30 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, համապատասխան կազմակերպության հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:
• Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կազմակերպչի ընտրությունն ու պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով․
1) մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար իրավաբանական անձը (այսուհետ՝ նախաձեռնող) հայտ է ներկայացնում լիազոր մարմնին.
2) հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`
ա. դիմում,
բ. ամփոփագիր, որը ներառում է ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը, գտնվելու վայրի ընտրության հիմնավորվածությունը, գործառնական տեսակի և գործունեության տեսակների հիմնավորումը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,
գ. գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշներին.
3) լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո այն 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին.
4) հանձնաժողովի անդամները 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում են հայտը և ներկայացնում են լիազոր մարմնին հայտի վերաբերյալ գնահատական.
5) լիազոր մարմինը, ամփոփելով հանձնաժողովի անդամների գնահատականները, 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծելու և մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու նպատակահարմարության հարցը, որի արդյունքում 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշում.
7) լիազոր մարմինը համապատասխան որոշումն ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախաձեռնողին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ.
8) ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, կազմակերպչի հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:
Կազմակերպչի ընտրության չափանիշներն են․
1) կազմակերպչի ներդրումների չափը, ձևերը, ուղղվածությունը և ժամկետները.
2) կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.
3) կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները.
4) ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` մարկետինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտի շահագործողների, այդ թվում՝ միջազգային բրենդների ներգրավում, ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքներ և ակնկալվող արդյունքներ.
5) ակնկալվող պետական աջակցության ձևերը.
6) ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության և դրա տեղակայման վայրի ընտրության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության դեպքում):
Ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ
Ո՞վ է համարվում ազատ տնտեսական գոտու շահագործող
Ազատ տնտեսական գոտու շահագործող է համարվում Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված՝ օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը:
Ինչպե՞ս դառնալ ազատ տնտեսական գոտու շահագործող
Լիազոր մարմին (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) ներկայացվում է հայտ, որն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը․
1) դիմում (համաձայն ձևի).
2) գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման կարգի V-րդ գլխում ներկայացված չափանիշներին և ներառում է սկզբնական հայտարարագիր (համաձայն ձևի):
3) կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:
Շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ
Որքա՞ն ժամանակ է պահանջվում ազատ տնտեսական գոտու շահագործող դառնալու համար
Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից, և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական:
Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում հայտատուի հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։
Դիմումը մերժելու հիմք է հայտի` ՀՀ կառավարության 2019թ. հունիսի 6-ի N 727-Ն որոշման կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը:
Հայտը բավարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հայտատուն և կազմակերպիչը կնքում են պայմանագիր:
Ո՞վ է գնահատում հայտերը
2019 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՀ վարչապետի N 1955-Ա որոշմամբ ստեղծված՝ ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը գնահատում է մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտերը:
Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգ