Անասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 49 %-ը ստացվում է անասնաբուծությունից:
Անասնապահության ծագումը Հայաստանում թվագրվում է դեռևս պալեոլիթյան դարաշրջանից, երբ գյուղատնտեսական գործունեության պարզունակ (նախնադարյան) ձևերն առաջին անգամ ի հայտ եկան Հայկական Բարձրավանդակի վիթխարի տարածքում` Փոքր Ասիայի և Իրանական սարահարթի միջև: Անասնապահությունը սկսել է զարգանալ Նեոլիթի և Վաղ Բրոնզե դարի ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից ի վեր անասնապահությունը երկրի համար ձեռք է բերել կենսական կարևորություն, իսկ Ք.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակներից արդեն անասնաբուծությունը դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը: Անասնաբուծությունը հայկական լեռնաշխարհում նպաստել է նաև պատմամշակութային արժեքների ստեղծմանը: Հիշարժան է այն հանգամանքը, որ հայկական այբուբենի ստեղծումից հետո (405 թ. Քրիստոսից հետո) հարյուրամյակներ շարունակ հայկական հին ձեռագրերի (մագաղաթների) էջերը պատրաստվել են նորածին հորթերի լավ մշակված կաշվից: Հայկական լեռնաշխարհում բուծվող ոչխարների բրդից պատրաստված հայկական հին ձեռագործ գորգերն աչքի են ընկել իրենց բարձր որակով և արտահանվել Մերձավոր Արևելք, Հնդկաստան և եվրոպական երկրներ:
Հայաստանի գյուղատնտեսական կենդանիների բուծման հնագույն օջախ լինելու մասին է խոսում նաև ընտանի կենդանիների վայրի ցեղակիցների առկայությունը: Երկրում մինչև օրս կան վայրի ոչխար, այծ, խոզ, որոնցից համապատասխանաբար առաջ են եկել դրանց ժամանակակից ընտանի տեսակները: Հայաստանում քաջ հայտնի է եղել «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկխոսությունը, որը վերագրվում է Մետրոդորիսին: Հայաստանում բուծվող կենդանիների, դրանց ժառանգականության և բնազդների հարցերին են անդրադարձել հայ պատմիչներ Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Մովսես Խորենացին և ուրիշները: 5-րդ դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրիցը», որտեղ նկարագրվում են կենդանիների բազմացումը և բնազդները: Կենդանիների նկատմամբ սերն արտահայտվել է հայ ժողովրդի բանահյուսության մեջ, մասնավորապես` «Սասունցի Դավիթ» էպոսում, ինչպես նաև բազմաթիվ հեքիաթներում, պատմվածքներում և երգերում, որոնք հազարամյակների ընթացքում բանավոր խոսքի միջոցով փոխանցվել են սերնդեսերունդ:
Ժամանակակից Հայաստանի անասնաբուծությունը իրենից ներկայացնում է զարգացած ենթաճյուղեր ունեցող մի ոլորտ, որտեղ անասնաբուծության վարման ավանդական տեխնոլոգիաներին զուգահեռ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է ընձեռում տեղի բնակլիմայական պայմաններին առավելագույնս համապատասխանեցնել գյուղատնտեսական կենդանիների այս կամ այն տեսակի բազմացումը և մթերատվության ստացումը:
Տավարաբուծություն
Տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 63 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Բուծվող տավարի 93 %-ը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղն է: Հանրապետությունում բուծվում են նաև կաթնային և կաթնամսային ուղղության՝ հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ և սևաբղետ ցեղեղի, ինչպես նաև մսային ուղղության՝ լիմուզին, աբերդին-անգուս, հալովեյ, հայլանդ և այլ ցեղերի կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվում են շուրջ 170 հազար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ:
Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային պահվածքը, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը: Տավարի ամենաստվար գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում: Հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշները տարիներ շարունակ կատարելագործվել են շվից ցեղի տոհմային կենդանիների օգտագործմամբ: Հանրապետությունում առաջին տոհմակայանները ձևավորվեցին 20-րդ դարի 20-30-ական թվականներին, իսկ Լոռու մարզի Տաշիրի (նախկին` Կալինինո) և Ստեփանավանի տարածաշրջանները հանդիսացել են տավարաբուծության ավանդական լավագույն տոհմային օջախները ոչ միայն մեր հանրապետությունում, այլև հարավկովկասյան երկրներում:
Ներկայումս հանրապետության տավարաբուծության ոլորտում նկատվում են ինտենսիվացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միտումներ, որին նպաստում են նաև իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը և «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը։
Հանրապետությունում գործում են մեկ տասնյակից ավելի տավարաբուծական տոհմային տնտեսություններ, որոնք իրականացնում են տոհմային աշխատանք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերած՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Դիլի», «Մաունթեն բիֆ քոմպանի», «Միլկ ֆարմ» ՍՊԸ-ները տավարաբուծական ֆերմաները: Ի դեպ, Սյունիք համայնքում գործող «Վամաքս» ՍՊԸ-ի և ՀՀ Լոռու մարզի «Երեմյաններ փրոջեքթս» ԲԲԸ-ի տավարաբուծական տնտեսությունները եզակի են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում:
2007 թվականներից սկսած մինչև օրս Հայաստան է ներկրվել շուրջ 5000 գլուխ հոլշտին, շվից, ջերսեյ, մոմբելյարդ և սիմենթալ ցեղերի տոհմային երինջներ։Ներկրված կենդանիներից և դրանց սերունդներից տարեկան ստացվում են ավելի քան 7000 գլուխ բարձրարժեք հորթեր, որոնց մի մասն ուղղվում է նախիրների սեփական վերարտադրությանը, իսկ տոհմային մատղաշի մնացած գլխաքանակը վաճառվում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին, ինչը հնարավորություն է ընձեռում տոհմային տնտեսություններին շարունակել բարձրարժեք տոհմային կենդանիների մաքուր բուծման գործընթացը: Տավարաբուծական տնտեսությունների կողմից ձեռք բերված տոհմային կենդանիները համակարգված տոհմասելեկցիոն աշխատանքների միջոցով կօգտագործվեն տեղական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման նպատակով, ինչը իր հերթին կհանգեցնի հանրապետությունում կենդանական ծագման արտադրանքի ծավալների և որակի ավելացմանը:
2019-2023 թվականների ընթացքում հանրապետություն է ներկրվել շուրջ 2173 գլուխ սիմենթալ, հոլշտին, ինչպես նաև մսային ուղղության աբերդին-անգուս ցեղերի 14-17 ամսական տոհմային մատղաշ կամ երինջներ։
Ոչխարաբուծություն
Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից է: Հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի արդյունքում այստեղ հաջողությամբ բուծվում են տեղի բնակլիմայական պայմաններին գերազանց հարմարված մի քանի էնդեմիկ ցեղեր, որոնցից են մազեխ, բոզախ, ղարաբաղի և բալբաս ցեղերը: Բացի այդ, հայ սելեկցիոներների կողմից ընտրասերման արդյունքում մեր հանրապետությունում ստեղծվել է նաև ոչխարի` հայկական կիսակոպտաբուրդ ցեղը: Վերջինս ունի սպիտակ կիսակոպիտ բուրդ, որը գերազանց հումք է հանդիսանում գորգագործության համար:
Հանրապետությունում 20-րդ դարի 60-70-ական թվականներին բուծվում էր ավելի քան 2 մլն ոչխար, որից հետո ոչխարի գլխաքանակը կտրուկ նվազեց: Սակայն վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի կայունացում, և ներկայումս այն կազմում է շուրջ 710 հազար գլուխ:
Ոչխարաբուծությունն առավել զարգացած է հանրապետության նախալեռնային և լեռնային գոտիներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում է Գեղարքունիքի և Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում:
Վերջին տարիներին, տեղական ցեղերից զատ, ներկրվել են նաև ոչխարի այլ ցեղեր, մասնավորապես` մուշտակատու ուղղության, բազմապտուղ` ռոմանովյան ցեղի, դմակավոր` էդիլբաևյան ցեղի ինչպես նաև մսային ուղղության՝ դորփեր և բլանշ ցեղերի ոչխարներ, որոնք հաջողությամբ հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին:
Մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 11 հազար տոննա ոչխարի միս: Հանրապետությունից տարեկան կարելի է արտահանել 180-200 հազար գլուխ ոչխար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ոչխարաբուծության զարգացումը և ճյուղի խթանման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 19-ին 1305-Լ որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը։
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2019-2023 թվականների ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2000 գլուխ բլանշ, դորպեր, ռոմանովյան և հիսարյան ցեղի տոհմային ոչխարներ։ ՀՀ կառավարության կողմից 2024թ-ի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատվել է «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ » ծրագիրը, որի նպատակն է խրախուսել բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրումը՝ փոխհատուցելով ձեռք բերված կենդանիների արժեքի 50%-ը։
Խոզաբուծություն
Խոզաբուծությունը հանդիսանում է հանրապետության անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Խոզաբուծությունը առավել զարգացած է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ էլ կենտրոնացած է խոզերի ամենաշատ գլխաքանակը: Հանրապետության հյուսիսային հատվածում` Տավուշի և Լոռու մարզերում, կիրառվում է խոզերի լեռնանտառային պահվածքը:
Հանրապետության գիտնականների ջանքերով ստեղծվել է խոզերի հայրենական` հայկական մսային ցեղը, որը հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում: Արդյունաբերական տիպի խոզաբուծական համալիրներում և տնտեսություններում բուծվում են խոզերի` լանդրաս, պետրեն, դյուրոկ և այլ ցեղերը, որոնց միջոցով իրականացվում է արդյունաբերական տրամախաչում:
Հանրապետությունում տարեկան արտադրվում է 14-15 հազար տոննա խոզի միս (սպանդային քաշով):
Թռչնաբուծություն
Թռչնաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առավել մեքենայացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ճյուղն է: Հանրապետությունում ներկայումս գործում են մեկ տասնյակից ավել միջին և խոշոր թռչնաբուծարաններ, որոնք զբաղվում են թռչնամսի և ձվի արտադրությամբ: Ձվի արտադրությամբ զբաղվող խոշոր թռչնաբուծարաններից են «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն և «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն, որոնք արտադրում են հանրապետությունում արտադրվող ձվի շուրջ 40 %-ը: Թռչնամսի արտադրությամբ հանրապետությունում առաջատարը դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն է:
Հանրապետության գիտնականների սելեկցիայի արդյունքում ստեղծվել է հավերի` երևանյան ցեղը, որն ունի սև և կարմիր ներցեղային տիպեր: Այս ցեղը շատ լավ հարմարված է մեր երկրի բնակլիմայական պայմաններին և հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում:
Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 732.2 մլն ձու և 13.2 հազար տոննա թռչնամիս: