ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ապրանքի (ծառայության) անվանումը ՀԴՄ կտրոնի վրա տպագրելու վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ կառավարության 28.04.2016թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 415-Ն որոշման համաձայն` նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամա­կան հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հար­կային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրա­ռող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնի վրա ապրանքների (ծառայությունների) անվանումը տպագրվում են համապատասխանաբար ԱՏԳ ԱԱ և ԱԴԳՏ դասակարգիչներով սահմանված 4 նիշերին համապատասխան:

Միևնույն ժամանակ, վերոգրյալ որոշմամբ հանվել է նախորդ տարվա արդյունքներով մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող  հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվա­նումը (տեսակը), գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը տպագրելու պահանջը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ բուսական ծագման մթերքի արտահանման համար

ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

- ծագման երկիրը,

- ապրանքի անվանումը,

- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

- արտահանողի անվանումը և հասցեն,

- ստացողի անվանումը և հասցեն,

- պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,

արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR

3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,

4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,

5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,

6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։

Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012) 90-60-90 և (010) 20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ ssfs@ssfs.am, ինչպես նաև այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սպասարկման կենտրոն։

Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060) 54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am:

Հնարավո՞ր է արդյոք լիզինգով ձեռք բերել նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումներ

2018 թվականի հուլիսից մեկնարկել է «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա­մար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450.0 մլն դրամը։

Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Ծրագրին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Որո՞նք են կաթիլային ոռոգման համակարգի առավելությունները

Ջրերն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը կաթիլային ոռոգման ամենադրական բնութագրերից մեկն է. ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կազմում է ավելի քան 50%։ Բացի այդ, ոռոգման կաթիլային եղանակը.

1) թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում, պարարտանյութերի ծախսը կրճատվում է 50%-ով,

2) ոռոգման տարածքի սահմանափակ խոնավեցումը չի խանգարում գյուղատնտեսական մեքենաների աշխատանքին, ոռոգումից հետո հողի չորացմանը սպասելու անհրաժեշտություն չի առաջանում, բոլոր գյուղատնտեսական աշխատանքները կարելի է անցկացնել օպտիմալ ժամանակում,

3) բացառում է մակերևութային հոսքը, այսինքն` կանխում է հողի ջրային էրոզիան, հետևաբար այսպիսի ոռոգման համակարգը կարելի է օգտագործել անգամ զառիթափ լանջերում, անհարթ հատվածներում, ոչ կանոնավոր հողատարածքներում և այլն,

4) քանի որ միջշարային տարածությունը մնում է չոր, հեշտանում է պայքարը մոլախոտերի դեմ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվում ոռոգման ցանցի միջոցով օգտագործել հերբիցիդներ առանց ավելորդ աշխատանքների,

5) վեգետացիոն զանգվածի և պտղի խոնավեցում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման և բարձրորակ բերքի ստացման գործում և այլն։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ո՞ր գոտիներում կարելի է մշակել ոլոռ

Ոլոռ կարելի է մշակել Սևանի ավազանի, Կենտրոնական, Շիրակի, Լոռի-Փամբակի, Ապարան-Հրազդանի, հյուսիս–արևելյան և Զանգեզուրի գոտիներում, ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված և ունդեր ստանալու համար:

Ոլոռը ցրտադիմացկուն է, սերմերն սկսում են ծլել 1-20 ջերմության պայմաններում:

Ծիլերն ընդունակ են դիմանալու -8-120 սառնության պայմաններում:

Ոլոռի ցանքի նորման է 1 հա-ին 1.0-1.1 մլ ծլունակ սերմ:

Որո՞նք են Արարատյան հարթավայրի բանջարային բույսերի ցանքի և սածիլման ժամկետները

Յուրաքանչյուր կուլտուրայի ցանքի լավագույն ժամկետը այն է, երբ հողում սերմերի ծլման համար պահանջվող նվազագույն ջերմաստիճան է լինում:

Բանջարեղենի ցանքի և ծլման համար կարելի է սահմանել հետևյալ ժամկետները՝ վաղ գարնան ցանք, գարնան ցանք, ամռան ցանք, աշնան ցանք և ձմեռնամուտի ցանք (դոնդուրմա): Բանջարային բույսերի բազմազանության և կենսաբանական տարբեր առանձնահատկությունների Արարատյան հարթավայրի պայմաններում պատճառով նրանց ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում:

Վաղ գարնանացանը Արարատյան դաշտում սկսվում է ձյունը հալչելուց անմիջապես հետո և տևում է մինչև ապրիլի վերջը: Այդ ժամկետում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բույսերի սերմնակալները (գազար, բողկ) և վաղահաս կաղամբի սածիլները, այնուհետև ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ, և կանաչեղեն:

Գարնանը ցանքը տևում է ապրիլի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա ռեհան, կոռթին և դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և ուշահաս կաղամբի սածիլներ:

Ամռանը ցանքը տևում է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են տարեկան բողկ, և կրկնացան վարունգ, լոբի, դդմիկ (աշնանը բերքը հավաքելու համար):Աշնան ցանքը տևում է սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ և մաղադանոս՝ հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար (բույսերը ձմեռում են բաց դաշտում):

Ձմեռնամուտի ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40 է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 3-50-ից չի բարձրանում: Ձմեռնամուտի ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն միայն գարնանը՝ հողը տաքանալուն զուգընթաց: Ցանում են սոխ, գազար, սպանախ և բոլոր կանաչեղենները:

Ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ

Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի` կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

Գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ի՞նչ գյուղտեխնիկա է հնարավոր ձեռք բերել և ի՞նչ պայմաններով

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ,տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Մասնավորապես կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:

Շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված է տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Որո՞նք են գյուղատնտեսության ոլորտին հատկացվող 3-15 մլն դրամի չափով սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանները

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-15 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 0 %:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, որոնք են` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն , «Կամուրջ» ՈԻՎԿ-ն, Կոնվերս բանկը, «Անիվ» ՈԻՎԿ-ն և «Ագրոլիզինգ» ՍՊԸ-ն:

Ծրագրին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչո՞վ է տարբերվում ինտենսիվ այգին ավանդական այգում և ի՞նչ պայմաններ են գործում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են 2% տոկոսադրույքով վարկեր կամ փոխհատուցվում են կատարված ծախսերը (50%-ի չափ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին, 40 %-ի չափով մնացած շահառուներին):

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը տրամադրվում է 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետ՝ 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։

Ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որը այգու լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը:

Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման ու կարկտապաշտպան ցանցային համակարգերով:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ի՞նչ պայմաններ են գործում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար և որքանո՞վ արդյունավետ են դրանք պաշտպանում կարկուտից

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով վարկեր։

Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: Կարկտապաշտպան ցանցերի համար ներդրվող գումարը միանգամայն արդարացված է և համարվում է որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք:

Խաղողի հակակարկտային ցանցերի համար կատարված հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կարկտահարությունից տարեկան բերքի 45% կորստի դեպքում վնասի չափը ծրագրի իրականացման ժամանակահատվածում (7 տարի) ավելի քան 2.6 անգամ գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման ծախսերը, իսկ բերքի 30% կորստի դեպքում վնասի չափը շուրջ 75.0%-ով գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման ծախսերը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման և գործունեության այլ ոլորտներում ո՞ր տեսակներն են համակարգվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և ո՞ր իրավական ակտերով են կարգավորվում

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված ցանկի 2.9, 2.10, 2.25 և 2.27 ենթակետերի` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են վերապահվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման և այլ գործունեության տեսակները.

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 ԵՎ 1701 99 100 9) երրորդ երկրներից ներմուծման լիցենզիաների տրամադրում

2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման լիցենզիայի տրամադրում

3. Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման մասին եզրակացության տրամադրում,

4. Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում:

Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում նախարարությունը անասնաբուծության ոլորտում

Նախարարության կողմից անասնաբուծության ոլորտի զարգացման նպատակով իրականացվում են հետևյալ ծրագրերը․

  1. «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր, որով նախատեսվում է 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
  2. «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը, որի 1-ին բաղադրիչով նախատեսվում է 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, իսկ 2-րդ բացադրիչից օգտվելու դեպքում կփոխհատուցվի Շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 %-ը։
  3. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում խոզաբուծությամբ և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերը տնտե­սա­վարողներին տրամադրվում են 0 % տոկոսա­դրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով, մինչև 12 ամիս վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետով։
  4. «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության » ծրագիրը, որի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00