«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությանը, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման:
Ինտենսիվ պտղատու այգիների համար մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու համար:
Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:
Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով` կապալառու կազմակերպության կողմից կամ շահառուների կողմից:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի գյուղատտեսությունում տնտեսավարողներին 0,5 հա-ից մինչև 10 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը վարկերը հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով, 7 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետներով:
Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին:
Մասնակից ֆինանսական կառույցների, կապալառու կազմակերպությունների ցանկ
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով: