Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման լիցենզավորումը իրականացվում է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթների, Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 83-Ն որոշման և 2015 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի թիվ 131 որոշման (այսուհետ` Որոշում) (հավելված 14) համաձայն:
Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մասով լիազոր մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Որոշման 2.9 և 2.10 բաժիններում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա: Որոշման 2.10 բաժնի N 1 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն իրականացվում է լիցենզիայի ինչպես նաև վերահսկողական ակտի հիման վրա, իսկ N 2 աղյուսակում նշված ապրանքատեսակների արտահանումն իրականացվում է միայն լիցենզիայի հիման վրա:
Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ` համաձայն N1 ձևի կամ N2 ձևի (Տես կցված ֆայլերում). /հայտի լրացման կարգը հաստատված է Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման 6-րդ կետով/։ Եթե լիցենզիա ստանալու հայտում նշված է մի քանի ապրանքատեսակ, որոնք համապատասխանում են նույն 10-նիշանոց ծածկագրին, ապա լրացվում է N3 ձև կամ N 4 ձև
2) արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները (մեկանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի պատճենը կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար լիցենզիայի առկայության մասին տեղեկությունները (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ), եթե գործունեության այդ տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար Միության մաքսային տարածքում սահմանվել է լիցենզավորման պահանջ,
4) այլ փաստաթղթեր (տեղեկություններ), եթե դրանք սահմանվել են Հանձնաժողովի այն որոշմամբ, որի հիման վրա նախատեսվել է համապատասխան ապրանքի լիցենզավորում,
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը:
Փաստաթղթերի ներկայացված պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է հաստատված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով, կամ փաստաթղթերի պատճենները պետք է կարված լինեն, իսկ դրանց վերջին էջերը հաստատված լինեն հայտատուի ստորագրությամբ և կնիքով:
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված։ Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի գործողության ժամկետով կամ լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթի գործողության ժամկետով։
Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին՝ դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց նկատմամբ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այդ ժամկետն ավարտվում է այն օրացուցային տարվա ընթացքում, որի համար սահմանվել է քվոտան, եթե այլ բան նախատեսված չէ Հանձնաժողովի կողմից:
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ:Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին:
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:
Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005003158 հաշվեհամարին:
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի 12-14-րդ մասերի համաձայն՝ պետական տուրքը կազմում է
«12. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին դասվող ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 180-ապատիկի չափով |
13. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պլատինե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 90-ապատիկի չափով |
14. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պալադիումե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 105-ապատիկի չափով |