Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․
ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա՝ իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է․
բ․ շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։
Աջակցությունը տրվում է 3 փուլով․
Առաջին փուլն է արտադրության մեկնարկի աջակցությունը, որը կազմում է կապիտալ ներդրումների 10 %-ը և տրամադրվում է ներդրումների արդյունքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեկնարկից հետո։
Երկրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 5%-ը և այն տրամադրվում է տնտեսապես բարդ ապրանքների եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով իրացման պարագայում.
Երրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 20%-ը, իսկ տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի կողմից պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։
ՈՒստի աջակցության առավելագույն չափը ներդրումային ծրագրի ամբողջ ընթացքում կազմելու է տնտեսավարողի կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի մինչև 35 %-ը։
Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործումը կնպաստի երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40