Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորումն իրականացվում է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21 -ի N 1924-Ն որոշմամբ (Տես կցված ֆայլերում) հաստատված կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը թանկարժեք մետաղներ զտարկողի և թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման վկայական տալու ընթացակարգ է:
Դիմորդների որակավորման քննությունները անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ: Ընդ որում, հանձնաժողովի անդամների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն լիազորված մարմնի ներկայացուցիչները, իսկ մյուս անդամները` համապատասխան ոլորտի մասնագետներից:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան ոլորտի ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է տվյալ ստորաբաժանման ղեկավարը, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության դեպքում:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Քննությունների ծրագրերը մշակվում են լիազորված մարմնի կողմից` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտի գիտական աշխատությունների շրջանակներում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
Քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Չի թույլատրվում քննություններին մասնակցել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց:
Որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում և քննություններն անցկացվում են առանձին` հետևյալ մասնագիտական ուղղություններով`
ա) թանկարժեք մետաղներ հարգորոշող ու հարգադրոշմող,
բ) թանկարժեք մետաղներ զտարկող:
Քննությանը մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝
ա) դիմում (N 1 ձև),
բ) անձնագրի պատճենը,
գ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
դ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Դիմումները լիազորված մարմին ներկայացվում են առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով:
Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացվելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին դիմումում նշված եղանակով տեղեկացվում է դիմորդին, և հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդը փաստաթղթերի ուղղված տարբերակները կարող է ներկայացնել ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
Քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է` դիմումում նշված եղանակով, քննությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
Թեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում լիազորված մարմնի կողմից: Հարցերը հրապարակվում են լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ինտերնետային կայքում: Հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են քննությունն սկսելուց առաջ համակարգչում զետեղված հարցաշարից` պատահական ընտրությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:
Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից:
Քննության ընդհանուր արդյունքները գնահատվում են առավելագույնը 40 միավոր, ընդ որում, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Թեստավորման հարցաթերթիկները կազմվում են 40 հարցից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
Թեստավորման առաջադրանքների առնվազն 35 միավոր հավաքած դիմորդները համարվում են թեստավորումը հաղթահարած և քննության արդյունքում հաղթող ճանաչված: Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող հանձնաժողովի անդամները:
Քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը` քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:
Քննության արդյունքում հաղթող ճանաչված դիմորդին հանձնաժողովը իր որոշման հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան որակավորման վկայական
Տրամադրված, սակայն դիմորդի կողմից չստացված վկայականը պահպանվում է լիազոր մարմնում` մեկ տարի, որից հետո լիազորված մարմնի կողմից այն ճանաչվում է անվավեր:
Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքներն ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:
Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:
Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները լիազոր մարմնի կողմից անցկացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ 3000 դրամի չափով, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով: Պետական տուրքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում բացված 900005167425 հաշվեհամարին: