Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի հնարավոր ավելացմանը, նշել է, որ եթե այնպիսի ծրագրեր են իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական ավելի բարձր արդյունքներ է խոստանում, պետք է գնալ այդ ճանապարհով: Խոսելով ներդրումների` մասնավորապես «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հեռանկարի մասին՝ նա մատնանշել է երեք հիմնական տարբերակ կա, թե ինչպես կարող է խնդիրը լուծվել:
- Պարո՛ն Խաչատրյան, նախ կխնդրեմ անդրադառնալ դատական համակարգի հետ կապված վերջին իրադարձությունների ազդեցությանը տնտեսության վրա, քանի որ կա գնահատական, որ սա հարված էր տնտեսական հեղափոխությանը:
– Սկզբունքորեն ճիշտ չէ այդ գնահատականը, ընդհակառակը, իմ խորը համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել, վերաբերում է նրան, որ դատական համակարգում պետք է արդարության աստիճանը բարձրանա: Ես նույնիսկ համաձայն չեմ, որ դա կարճաժամկետ առումով կարող է վատ անդրադառնալ, հնարավոր է՝ կարճաժամկետ առումով ճիշտ չընկալվի, բայց ինձ համար՝ որպես տնտեսական քաղաքականության պատասխանատուի, չափազանց կարևոր է, որ դատական համակարգում կայացված որոշումները լինեն արդար:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կքննարկվի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի թույլատրելի շեմի հնարավոր վերանայումը, արդյոք դա մտահոգիչ չե՞ք համարում՝ հաշվի առնելով արտաքին պարտք-ՀՆԱ ներկայիս հարաբերակցությունը:
– 2018 թվականի արդյունքով հարաբերակցությունը 51,3% է և դա մի քիչ ավելի լավ է, քան նախորդ տարիների ցուցանիշը: Այսինքն՝ անցած տարի մենք ունեցանք նվազում, դա նշանակում է, որ պետությունն ավելի քիչ է պարտք վերցրել իր ծրագրերը ֆինանսավորելու համար, քան նախորդ տարիների ընթացքում: Պետական պարտքը վերցնում ենք, երբ չենք կարողանում հարկերը հավաքել և ստիպված ենք թոշակ, աշխատավարձ բաժանել: Այդպիսի մոտեցումները չեն խրախուսվում, բայց երբ մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ, օրինակ` ճանապարհներ, ջրամբարներ, կապիտալ ներդրումներ, դրանք այս պահին շատ ծախս են առաջացնում, բայց ապագայում խոստանում են խնայողություններ, կամ ավելի քիչ ծախսեր:
– Այսինքն՝ մինչև հիմա պետական պարտքը սխալ ուղղությա՞մբ է գնացել:
– Ես այդպիսի բան չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ վարչապետի ասածը վերաբերում է նրան, որ եթե այսուհետ կատարելու ենք այնպիսի կապիտալ ծախսեր, որոնք խոստանում են երկարաժամկետ խնայողություններ, ապա չենք վախենալու պետական պարտքը ավելացնելուց: Այստեղ շատ կարևոր է, որ այդպիսի եղանակով ավելացվող պետական պարտքը իր հետագա խոստացած բարձր տնտեսական աճով արագ փոխհատուցվելու է:
– Դուք նախկին կառավարության հետ էլ եք աշխատել, նույն սկզբունքներով չէ՞ր առաջնորդվում կառավարությունը, պետական պարտքի նպատակահարմարության առումով, արդյունավետ չի՞ եղել:
– Ինձ թվում է՝ երկուսն էլ եղել են, այսինքն՝ եղել են լավ ծրագրեր, եղել են ձախողված ծրագրեր: Բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա`լավ հաշվարկել և որակով կառուցել: Կարծում եմ, որ եթե մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական, ավելի բարձր արդյունքներ է խոստանում, ապա պետք է գնալ այդ ճանապարհով:
– Իսկ այս համատեքստում արդարացվա՞ծ եք համարում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ով պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, այդ մեղադրանքը նաև Ձեզ էր ուղղված:
– Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում կառավարության պատասխանատվությունը ստանձնող մարդը իրավունք ունի հաստատել, որ իր ղեկավարած կառավարության կողմից ներգրավվող միջոցները կօգտագործվեն արդյունավետ: Իմ կարծիքով՝ ապագայում ցանկացած կառավարություն պատճառներ է ունենալու իրենից առաջ նախորդ կառավարությունների թերությունները, որոնք նկատել է, մատնացույց անել: Եկող կառավարությունը միշտ ասելու է, թե ինչով է լավ նախորդ կառավարություններից, և դա թող լինի օբյեկտիվ և թող ասեն:
– Ներդրումային դաշտում պասիվություն նկատո՞ւմ եք, և արդյոք արդարացա՞ն ձեր սպասումները, երբ ասում էիք, որ ընտրություններից հետո ներդրումային բում է լինելու, կարծես չնկատվեց այդ բումը:
– Բազմաթիվ որոշումներ կան ընթացքի մեջ, բայց քանի որ իրենք տարբեր փուլերում են գտնվում մեկ ամսաթվի դրությամբ չենք կարող ֆիքսել, որ այլևս այնքան լավ է, որ հետագա անելիքներ չունենք: Չի լինելու երբևէ այնպիսի ժամանակ կառավարության համար, որ կառավարությունը համարի, որ եղածը բավարար է, եղած վիճակը ինձ բավարար չի թվում, մենք դեռ շատ անելիքներ ունենք և դա պետք է անենք ամեն օր: Մենք կարծում ենք, որ մենք գնում ենք բնականոն զարգացման սպասումներին համապատասխան:
– Բայց բումը չեղավ, և ինչի՞ց են դժգոհում հիմա ներդրողները:
– Բումը մեկ օրում չի լինում, ես կարծում եմ, որ հիմա կազմակերպությունները քննարկում են իրենց հնարավորությունները, իսկ այդ հնարավորությունները վստահ շատ ավելին են, քան եղել են անցյալում, և դրանցից ծնվող ներդրումների քանակը գնալով ավելանալու է: Ներդրողները կարող են սպասել, որ կառավարությունը կարգավորումները պարզեցնի ավելի արագ, քան անում է: Այնուամենայնիվ Հայաստանը հեռու է նրանից, որ մեր բոլոր կարգավորումները կատարյալ լինեն, այսինքն՝ մեր անցյալում սահմանած և ներկայում ձեռքի տակ եղած կարգավորումները, որոնք վերաբերում են պետություն-մասնավոր հատված հարաբերություններին, ոչ միշտ են անխոչընդոտ:
– Ներդրումների վրա «Լիդիան Արմենիայի» խնդիրները որքանո՞վ կարող են ազդել:
– Հիմնական քննադատության էությունն այն է, որ անորոշությունը ռիսկային է ցանկացած ներդրողի համար: Այսինքն, երբ ներդրողի ու կառավարության հարաբերություններում առաջանում է որևէ խնդիր, ինքը չգիտի, այդ խնդրի բովանդակությունից կախված հարցը որքան արագ կքննարկվի և որոշում կկայացվի:
Քանի որ «Լիդիան Արմենիա»-ի հարցը քննարկվում է արդեն մոտ մեկ տարի (ELARD կազմակերպությունը «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննություն է անցկացնում- Tert.am), ինչպիսին էլ լինի կառավարության պատասխանը, մենք այլևս այդ հարցին չենք անդրադառնալու: Այս անգամ, երբ հարցը քննարկվեց այսքան երկար և որոշումներ կայացվեցին, դրանք լինելու են որոշումներ հաջորդ ժամանակահատվածի համար, որը կարող է մեկին բավարարել, մյուսին` ոչ: Սակայն կարող է պարզվել՝
Ա) ենթադրվող բնապահպանական խնդիրները թույլ չեն տալիս, որ ծրագիրը շարունակվի, քանի որ կարող են անդառնալի բնապահպանական վնաս հասցնել, և հասարակությունը թույլ չտա, որ այդ եղանակով ծրագիր իրականացվի:
Բ) հնարավոր է՝ բացահայտվեն այնպիսի խնդիրներ, որոնք բավականաչափ դիտարկված չեն անցյալում և այդ իրավիճակում կազմակերպությունն առաջարկի այս կամ այն լուծումները, այսինքն՝ լրացուցիչ խոստումներ տա բնապահպանական ռիսկերը կառավարելու համար և հասարակությունը համաձայնի, որ շարունակվի ծրագիրը:
Գ), որը քիչ հավանական է, որ պարզվի, որ ոչ մի խնդիր ընդհանրապես չկար, և այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, հայտնի էին, դրանց վերաբերյալ լուծումներ տրված էին, և կազմակերպությունը շարունակում է գործել: Այսինքն` ինչ էլ պատասխանը լինի, պետք է պատասխանն անորոշ երկար չլինի:
- Ստացվում է, որ կապ չունի` դրակա՞ն, թե՞ բացասական լինի պատասխանը, կարևորը շուտ լինի:
– Վարչապետի հետ, երբ ներդրումային ծրագրերի փակ քննարկում էր, վարչապետի հանձնարարությունը կառավարությանը հստակ էր. երբ ներդրողը դիմում է կառավարություն, կառավարությունը պետք է հստակ շուտ պատասխանի, որ ներդրողն իմանա ինչ անի: Երբ դուք վեց ամիս ոչինչ չեք անում, դա մտահոգիչ է, իսկ եթե մեկ տարի է սպասում ներդրողը, դա անընդունելի է: «Այո»-ն էլ է պատասխան, «ոչ»-ն էլ է պատասխան, բայց պետք է ասել խելամիտ ժամկետներում:
– Կա՞ն հաշվարկներ, թե որքան վնաս կկրի պետությունը «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը չշարունակելու դեպքում:
– Եկեք շատ առաջ չընկնենք, բայց տնտեսական տեսանկյունից, առնվազն հասարակության օգուտն է, որ այնտեղ 1200 մարդ աշխատի: Հիմա մենք կարող ենք հաշվարկել, թե կազմակերպությունը որքան աշխատատեղեր էր խոստանում տասը տարվա ընթացքում, որքան միջին աշխատավարձ է խոստանում, երկրորդ՝ այդ արտադրությունն իր հետ բերելու է նաև անուղղակի բազմաթիվ աշխատատեղեր և ունի իր տնտեսական օգուտը:
Կազմակերպությունը տարեկան պետք է այսօրվա գներով արտահաներ, կարծում եմ, ոչ պակաս, քան 300 միլիոն դոլարի արտադրանք, եթե դրանից 40-50 միլիոն դոլարն առնվազն այն օգուտը լիներ, որ մարդիկ ուղիղ աշխատավարձի ձևով կստանային այդ կազմակերպությունում աշխատելով, ապա դա այն օգուտն է, որ հասարակությունը բաց է թողնում յուրաքանչյուր տարի: Հիմա Դուք հարցնում եք վնասների մասին, այդ դեպքում թող բնապահպանները հաշվեն ու ասեն, թե քանի որ օդը, ընդերքի ջրերը կկեղտոտվեն, այսքան վնաս կլինի, և հանրագումարով, եթե հաշվարկի, որ օգուտը վնասի համեմատ ավելի քիչ է, ապա թող ասեն, որ չի կարելի այդպիսի արտադրություն թույլ տալ: Ես կարծում եմ, որ հանրային լսումներ եղել են և հիմա հարցադրումը կրկնվում է, և հասարակությունն իրավունք ունի լսելով վերջնական եզրակացությունը, որոշել`պե՞տք է այդ արտադրությունը շարունակել, թե՞ ճշտումներ պետք է կատարվեն, թե՞ ընդհանրապես պետք չէ շարունակվի:
– Իսկ չգործելու դեպքում պետության կողմից ի՞նչ պարտավորություններ կան, փոխհատուցման ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
– Դա իրավաբանների հարցն է, իմ իրավասությունների մեջ չէ այդ մասին խոսելը: