Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը
1992թ. Հայաստանը դիմել է Մաքսերի եւ Առեւտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)` դիտորդի կարգավիճակ ստանալու համար: 1993թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ: 1994թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը: Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առեւտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)`1995թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար:
1995թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առեւտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը: 1996թ. հունվարի 23-24-ը Ժնեւում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը:
Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996թ. հունվարի 24-ին եւ սեպտեմբերի 23-24-ը, 1997թ. մայիսի 14-ին, 1999թ. հունիսի 24-ին եւ 2002թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ:
1995-2002թթ. ընթացքում, աշխատանքային խմբի հանդիպումների շրջանակներում իրականացված բազմակողմ բանակցություններին զուգահեռ, Հայաստանը իրականացրել է նաև երկկողմ բանակցություններ ԱՀԿ 15 անդամ երկրների հետ:
2002թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին եւ փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին:
2002թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը:
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը: