Բյուջետային աջակցությունը (ԲԱ) օժանդակության տեսակ է, որի միջոցով ԵՄ-ն աջակցում է գործընկեր պետությանը բարելավել ինչպես պետական քաղաքականությունները, այնպես էլ քաղաքականություն իրականացնելու կարողություններն ու ռեսուրսները: Այն ներառում է ուղղակի ֆինանսական փոխանցումներ գործընկեր պետության ազգային գանձապետարան, որտեղ դրանք կարող են կառավարվել ազգային համակարգերի միջոցով:
Բյուջետային աջակցությունը միայն ֆինանսական աջակցություն չէ: Հասանելի դարձնելով ֆինանսական միջոցները և ներգրավվելով քաղաքական երկխոսության մեջ՝ ԵՄ-ն օժանդակում է գործընկեր պետությանը հզորացնել վերջինիս բյուջետային կարողությունը, սահմանել համապատասխան քաղաքական թիրախներ, կապել դրանք իրատեսական բյուջետային ծրագրերի հետ ու քաղաքականության իրականացման համար ներդնել համապատասխան դիտանցման համակարգեր: ԲԱ գործիքի ներքո օժանդակությունը կարող է ներառել կամ մեկ առանձնահատուկ ոլորտ, կամ բազմակի ոլորտներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշման` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Սկսած 2014թ.-ից ԵՀԳԳ-ին փոխարինել է Եվրոպական հարևանության գործիքը:
Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը դիտանցելու և հնարավոր ռիսկերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2012թ. նոյեմբերի 15-ի N 1122-Ա որոշմամբ ստեղծվել է դիտանցման (մոնիթորինգի) հանձնաժողով:
Հայաստանում ԲԱ իրականացումը սկսվել է 2007 թվականից մի քանի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, միջին մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումը, գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը, սննդի անվտանգությունը, հանրային կառավարումը/հակակոռուպցիոն ոլորտը ու պետական ֆինանսների կառավարումը: ԲԱ ոլորտների ընտրությունը համապատասխանում էր ԵՄ - Հայաստան ԵՀԳ գործողությունների ծրագրում ու Միասնական աջակցության շրջանակում նախանշված առաջնայնություններին, ինչպես նաև 2014-2025 Հայաստանի զարգացման ռազմավարությանը: Ակտիվ քննարկումներ են անցկացվել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարար անդամակցության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների ու ԵՄ անդամ պետությունների շրջանակում՝ նախքան առաջնային ոլորտների շուրջ համաձայնության գալը:
2007 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել են հետևյալ ԲԱ ծրագրերը.
Ընթացիկ
♦ Պետական կառավարման բարեփոխումներ
♦ Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր
♦ Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար
♦ Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը
Իրականացված
♦ Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը
♦ Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - Փուլ II
♦ Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ I
♦ Աջակցություն աղքատության նվազեցման ռազմավարությանը Միջին մասնագիտական կրթության ու վերապատրաստման միջոցով