Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ԱԱՀ վճարող համարվողների) համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։
Ծրագրից կարող է օգտվել այն տնտեսավարողը, որը․
- իրականացնում է ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթներ.
- աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ և դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։
Ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։
Աջակցության տրամադրման ընթացակարգը․
Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն աջակցությունը ստանալու նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է՝
- ծրագրի N 1 ձևին համապատասխան առաջին դիմումի ներկայացման ամսին նախորդող 3 ամիսների, իսկ հաջորդ դիմումների դեպքում՝ դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի և ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 2 ձևին համապատասխան.
- ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 3 ձևին համապատասխան.
- տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումները և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին.
- խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։
Տնտեսավարողն աջակցության ստացման նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը նախարարություն ներկայացնում է մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, նախարարության և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր:
Այն դեպքում, երբ տնտեսավարողի կողմից իրականացված գործարքների ճշգրտման արդյունքում արձանագրվում է նախկինում հայտարարագրված ԱԱՀ-ի գծով պարտավորության չափի փոփոխություն, ապա տնտեսավարողն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարություն և ավել վճարված փոխհատուցման գումարը ճշգրտման օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախարարություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Ագրովերամշակման վարչություն՝ +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258 հեռախոսահամարներով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիր
Ծրագրի հիմնական նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։
Ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվող ֆերմերային տնտեսությանը մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին է տրամադրվում մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝
- ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 Հայաստանի Հանրապետության դրամը.
- նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 Հայաստանի Հանրապետության դրամը։
Ծրագրից կարող է օգտվել սպանդանոցային ծառայություն մատուցող այն կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝
- նախարարության և համայնքի հետ կնքել է ծրագրի N 1 ձևին համապատասխան ֆերմերային տնտեսությանը խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության մատուցման համաձայնագիր, որով ստանձնել է ֆերմերային տնտեսությանը ծրագրով սահմանված պայմանների համաձայն խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն մատուցելու պարտավորություն․
- ծրագրից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ։
Փոխհատուցման տրամադրման ընթացակարգը․
- Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է սպանդանոցը, որն ամսական պարբերականությամբ, մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ ծրագրի N 2 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին, որին կցում է՝
- հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան ներբեռնված և արտատպված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքը․խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի, խոշոր եղջերավոր կենդանու տվյալների և սպանդի ծառայության մատուցման վերաբերյալ ծրագրի N 3 ձևին համապատասխան իր կողմից կազմված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածով հաստատված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի արդյունքում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից գեներացված N 5 ձևի անասնաբուժական վկայականի (այսուհետ՝ N 5 ձևի անասնաբուժական վկայական) պատճենը կամ լուսապատճենը.
- որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևի անասնաբուժական վկայականի պատճենը կամ լուսապատճենը (այսուհետ՝ N 1 ձևի անասնաբուժական վկայական), ընդ որում, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդ իրականացված լինելու դեպքում N 1 ձևի անասնաբուժական վկայականում պետք է առկա լինի նշում խոշոր եղջերավոր կենդանու բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած լինելու մասին գրառում.
- խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն մատուցելու վերաբերյալ ծրագրի N 4 ձևին համապատասխան լրացված հայտարարության բնօրինակը․
- սպանդանոցի կողմից սպանդի ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի և ծրագրով նախատեսված պետության կողմից տրամադրվող փոխհատուցման տարբերության չափով ֆերմերային տնտեսությունից գանձված վճարը հիմնավորող փաստաթղթի պատճենը՝
ա․ եթե սպանդանոցի կողմից սահմանված սպանդի ծառայության վճարի չափը գերազանցում է 10000 Հայաստանի Հանրապետության դրամը,
բ․ եթե սպանդանոցի կողմից բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի չափը գերազանցում է 15000 Հայաստանի Հանրապետության դրամը․
6.տեղեկություն սպանդանոցի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձանց անվանումների և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝
Ագրովերամշակման վարչություն` +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258
ԹԵԺ ԳԻԾ` 81-40