Շրջանառության հսկողության ոլորտում երկակի նշանակության ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման և ՀՀ տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման գործընթացի իրականացում

Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները, երկակի նշանակության ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները, երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ փոխանցող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները կարգավորվում են «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 924-Ն , ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն  և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին  25 մայիսի 2023 թվականի N 808-Ն որոշումներով:

Երկակի նշանակության ապրանքների (յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար) արտահանումը և հսկվող ոչ նյութական արժեքների (ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: Սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման համար անձը ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել, որ դրանք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար) փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա:

Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձին և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու մեկ հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով, որի հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ փոխանցման միայն մեկ գործողություն:

Անհատական թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Անհատական թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու ապրանքային դիրքերով առանձնացված հսկվող ապրանքների արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում հայտարարված մի քանի վերջնական օգտագործողների: Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:

Թույլտվությունների հիման վրա արտահանում և (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը պահպանել հինգ տարի ժամկետով: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա: Արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը չպահպանելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով.

Ընդհանուր թույլտվության համար 900005163648 հաշվի համարին 30 000 ՀՀ դրամ,

Անհատական թույլտվության համար 900005163655 հաշվի համարին 30 000 ՀՀ դրամ:

Թույլտվությունների հիման վրա արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինները լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ծածկագրերի, քանակի, արտահանողի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի, ստացող երկրի, արտահանված ապրանքը և (կամ) փոխանցված արժեքն ստացողի (օտարերկրյա հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և գտնվելու վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) վերաբերյալ:

Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար նշված ապրանքները արտահանող և (կամ) ոչ նյութական արժեքներ փոխանցող անձը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեություն իրականացնելու վայրերը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հայցվող թույլտվության տեսակը և ժամկետը, պետական գրանցման կամ հաշվառման համարը.

2) օրենքի պահանջներին համապատասխանող վերջնական օգտագործողի հավաստագիրը.

3) արտահանման ենթակա հսկվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների տեխնիկական նկարագրերը

4) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի պատճենը.

5) ապրանքի, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքի հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին պատկանելության վերաբերյալ արտահանող սուբյեկտի գրավոր հայտարարագիրը կամ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը:

Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության տրամադրման մասին դրական դիրքորոշման ձևավորման դեպքում լիազոր մարմինը 7 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության տրամադրման մասին դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև իր դիրքորոշումը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ պետական մարմիններ: Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով:

Թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվություն ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ վճարելով թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման համար սահմանված պետական տուրքը: Լիազոր մարմինը թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տրամադրում է թույլտվություն ստացած անձի կողմից դիմումը ներկայացվելուց և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը` բազային տուրքի հնգապատիկի չափով վճարվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ ժամկետում վճարված լինելու մասին, և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը:

Դիմումի մերժման հիմքերն են՝

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.

3) արտահանման կամ փոխանցման նախատեսվող գործողությունների և օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև հակասությունների առկայությունը:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և փաստաթղթերը թերի լինելու դեպքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած անձի կողմից փաստաթղթերի թերությունների վերացումը: Թույլտվություն ստանալու դիմումը սահմանված հիմքերով մերժվելու կամ դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:

Լիազոր մարմնի կողմից թույլտվության գործողությունը կասեցվում է, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պայմաններում հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև կարող են ծագել հակասություններ: Թույլտվության գործողության կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին: Թույլտվության կասեցումը չի կարող տևել 30 օրացուցային օրից ավելի: Նշված ժամկետը լրանալուց հետո լիազոր մարմնի կողմից թույլտվության դադարեցման մասին ծանուցում չստանալու դեպքում արտահանող կամ փոխանցող սուբյեկտը իրավունք է ստանում շարունակելու արտահանման կամ փոխանցման գործողությունները:

Լիազոր մարմինը թույլտվության գործողությունը դադարեցնում է`

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի դիմումի հիման վրա.

2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի լուծարման կամ մահվան դեպքում.

3) եթե պարզվել է, որ թույլտվությունն ստանալիս անձը ներկայացրել է կեղծ կամ թերի փաստաթղթեր.

4) եթե կասեցման հիմք համարվող հանգամանքների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև առկա են հակասություններ.

5) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի կողմից շրջանառության հսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում:

Թույլտվության կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ մտնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին` նշելով համապատասխան հիմքերը:

Հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվում հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 25 աշխատանքային օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը.

2) փոխադրման միջոցը.

3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).

4) երթուղին.

5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը.

6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:

Ծանուցմանը կցվում են արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության և վերջնական օգտագործողի հավաստագրի պատճենները, եթե դրանք նախատեսված են արտահանող և ներմուծող երկրների կողմից:

Լիազոր մարմինը ծանուցում ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ պետական մարմիններ մարմիններին՝ կցելով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը:

Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին և արգելում է տարանցիկ փոխադրումը: Լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո, դրական դիրքորոշում ունենալու դեպքում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին: Այն դեպքում, երբ ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 25 աշխատանքային օր առաջ, լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում արգելում է տարանցիկ փոխադրումը և տարանցիկ փոխադրում իրականացնող անձին տեղեկացնում է դրա մասին՝ նշելով արգելման պատճառը:

Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը տարանցիկ փոխադրումը թույլատրելու մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման կայացման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00