Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։ Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝
- Վարկի դեպքում՝ ՀՀ դրամով՝ 6%, արտարժույթով՝ 4%,
- Լիզինգի դեպքում՝ ՀՀ դրամով 8%, արտարժույթով՝ 6%,
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը 1․000․000․000 դրամ է, ժամկետները՝
- վարկ/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,
- սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս։
Ծրագրի առանձնահատկությունները․
- Փոխկապակցված կազմակերպությունների խմբի դեպքում, եթե խմբի որևէ ընկերություն օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում կատարել է 200 մլն դրամ և ավել ներդրում, ապա խմբի բոլոր ընկերությունների համար սահմանվում է հավելյալ արտոնություն։ Նշված գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով:
- Հարկման ընդհանուր համակարգում գործող ընկերությունները, որոնք ներգրավում են վարկ/լիզինգ՝ թվայնացման կամ արտադրողականության խորհրդատվության համար, կարող են ստանալ հավելյալ աջակցություն, եթե՝
- (1) առաջիկա 2 ֆինանսական տարիներից որևէ մեկում արտահանումը 2023-ի համեմատ աճի ≥20% (հաշվի են առնվում ≤10% բաժին ունեցող շուկաները),
- (2) ունեն ISO 9001, իսկ թվայնացման դեպքում նաև ISO 27001,
- (3) և ներգրավված խորհրդատուն/կազմակերպությունը համապատասխանի ծրագրային պահանջներին։
Սամանված պայմանների բավարարման դեպքում, բացի նպատակային ծրագրով նախատեսված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, կփոխհատուցվի նաև նշված պայմանները բավարարելու հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ կազմակերպության կողմից նշված պայմանների համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը տրամադրելուց հետո: Սույն մասով նախատեսված հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն այնպիսի աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 400 մլն դրամը և ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ծրագրով սահմանված պահանջներին։
Միջոցառման թիրախներն են հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
- C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն»,
- B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում»,
- D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու եվ լավորակ օդի մատակարարում»,
- J (ՋԵՅ) «Տեղեկատվություն եվ կապ»,
- F (ԷՖ) «Շինարարություն»,
- G45.2(ՋԻ) «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»,
- H (ԷՅՋ) «Փոխադրում եվ պահեստային տնտեսություն»,
- I 55 (ԱՅ) «Կացության կազմակերպում» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների,
- M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն»,
- N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ»,
- P (ՓԻ) «Կրթություն»,
- Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում»,
- R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն։
Դիմելու կարգ
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույց.
- Ֆինանսական կառույցը՝ իր ընթացակարգին համապատասխան ձևակերպում է Միջոցառման պայմանները բավարարող մեքենասարքավորում ձեռքբերելու վարկ/լիզինգ։
- Էկոնոմիկայի նախարարության կողմից բանկի ներկայացման հայտի ստուգումից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։
ՀՀ Կառավարության՝ 26 մարտի 2020 թվականի N 355-Լ որոշում
Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am,
ՀՀ ԷՆ ձեռներեցության վարչություն (հեռ. (+37411) 597-118)։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40