Սննդամթերքի անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ հիմնախնդիրներից մեկը: Սպառողների առողջության ապահովման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի զարգացումը և կատարելագործումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:
Սննդամթերքի անվտանգության ապահովումը նպատակաուղղված է սպառողներին անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև՝ տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների ներդրմամբ, սննդի շղթայի վերահսկողության համար պատասխանատու մասնագետների և հասարակական կազմակերպությունների շարունակական ուսուցման համակարգի կիրառմամբ:
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները: Այն պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքներն ամրագրող և սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից պաշտպանող ոլորտ է: Ոլորտի կարգավորման հիմնական նպատակը հանրության առողջությունը սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքով), ինչպես նաև՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովումը, սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում հետագծելիության սկզբունքի կիրառմամբ՝ պետական վերահսկողության ապահովումը:
Սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով, սննդի շղթայի օպերատորները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման բոլոր փուլերում սննդամթերքի որակն ու անվտանգությունն ապահովելու համար:
Ի վերջո, սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունն է, և սնունդը ոչ միայն մշակույթ է, այլ մարդու հիմնարար իրավունքը:
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը
Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորվում է «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Ստանդարտացման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև՝ մի շարք այլ օրենքներով և շուրջ 100 ենթաօրենսդրական իրավական ակտերով:
«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N356-Լ որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված, աշխատանքներ են իրականացվում սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը: Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին իրավական կարգավորում տալու նպատակով, մշակվել և մշակվում են ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր, այդ թվում՝
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն որոշումը:
Սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրության կատարելագործմանը նպատակաուղղված, մշակվել են մի շարք իրավական փաստաթղթեր, այդ թվում.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-283-Ն ՀՀ օրենքը.