Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:
Պարենային անվտանգությունը իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ուղղված է անհրաժեշտ որակի և բավարար քանակությամբ, առողջության համար անվտանգ, լիարժեք պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների համար, և կարող է սպառվել նրանց կողմից ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ։ Երկրի պարենային անվտանգությունը հիմնականում ապահովվում է գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության և սննդի ներմուծման համակարգերի զարգացման միջոցով:
Պարենային անվտանգությունը կարևորվում է ինչպես միջազգային մակարդակներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Պարենային անվտանգության համակարգի ապահովման նպատակով ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնցից կարելի է առանձնացնել.
Երկրի պարենային անվտանգության բնորոշման հիմնական ցուցանիշը պարենամթերքի ինքնաբավության մակարդակն է:
Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծությունը վկայում է, որ, էներգետիկ արժեքով հաշվարկված, կենսապես կարևորագույն պարենամթերքի ինքնաբավության մակարդակը 2019 թվականի տվյալներով կազմել է շուրջ 52,5 %:
Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, ոչխարի և այծի մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջինից բարձր ինքնաբավության մակարդակ է ապահովվում տավարի և խոզի մսի, կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բուսական յուղի, թռչնի մսի ինքնաբավության մակարդակը շարունակում է մնալ ցածր:
ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի 2017-2018 թվականների և 2019 թվականի, ըստ օպերատիվ գնահատումների, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի տվյալները հետևյալն են․
Միջազգային պրակտիկայում երկրների պարենային անվտանգության դիրքը գնահատվում է պարենային անվտանգության գլոբալ ինդեքսով, որը բաղկացած է 3 բաղադրիչից՝ պարենամթերքի մատչելիություն, հասանելիություն, որակ և անվտանգություն, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ձևավորվում է մի քանի գործոններով։ 2019 թվականին առաջին անգամ Հայաստանում կատարվել է պարենային անվտանգության գլոբալ ինդեքսի հաշվարկ, որի արդյունքներով Հայաստանի պարենային անվտանգության գլոբալ ինդեքսը կազմել է 57.1, այդ թվում՝ պարենամթերքի մատչելիության մասով՝ 51.7, հասանելիության մասով՝ 66.2, որակի և անվտանգության մասով՝ 45.4։
Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, հասանելիությունը, որակը և անվտանգությունը:
Պարենամթերքի մատչելիության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններ են հանդիսանում համախառն ծախսերում սննդամթերքի վրա կատարվող ծախսերի ավելացումը, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ավելացումը, գյուղատնտեսական ապրանքների ներկրման տարիֆային կարգավորումները, աղքատության մակարդակի նվազեցումը, ազգաբնակչության տարբեր շերտերի սննդամթերքի մատչելիության և լիարժեք սննդով ապահովումը և այլն:
Պարենամթերքի հասանելիության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններ են հանդիսանում՝ սննդամթերքի բավարար պաշարների և կենսապես կարևորագույն պարենամթերքի պետական պահուստի առկայությունը, արտակարգ իրավիճակներում հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելումը, տարածքային համաչափ զարգացումը, պարենամթերքի արժեշղթայի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը, պարենամթերքի արտադրության, պահման և իրացման շղթայում առաջացող կորուստների նվազեցումը, պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում կատարվող ծախսերի ավելացումը և այլն:
Պարենամթերքի որակի և անվտանգության ապահովման նպատակով պարենային անվտանգության հիմնական ռազմավարական ուղղություններն են հանդիսանում՝ գյուղմթերքի ստանդարտների առկայությունը, սննդի որակի և անվտանգության ստանդարտների և համակարգերի ներդրումը և դրանց ապահովման նկատմամբ իրականացվող մոնիթորինգն ու վերահսկողությունը, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական վիճակի բարելավումը, սնուցման ազգային ռազմավարության առկայությունը, որով պետք է նախանշվեն օգտագործվող սննդամթերքի բազմազանեցումը և սննդամթերքի միջոցով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի ստացման ապահովումը և այլն:
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ռազմավարության վերը նշված ուղղությունները պետք է նախանշվեն և ներառվեն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր ռազմավարության և միջոցառումների ծրագրերում, որոնց ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։