Հայաստանը գործարար միջավայրի բարելավման և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության «Գործարարություն» հաջորդ տարվա զեկույցում դիրքերն էլ ավելի բարելավելու նպատակով նախատեսել է մի շարք միջոցառումեր: Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես զեկույցում դեռ ցածր դիրքերում գտնվող, սակայն կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող շինթուլտվություններին, սնանկության ճանաչմանն ու հարկերի վճարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց նախատեսվող միջոցառումները:
«Ապրիլին կառավարության հավանության արժանացած Գործարար միջավայրի բարելավման 2019-ի միջոցառումների ծրագիրը միտված է գործարար միջավայրի բարելավմանը և 2019-ի համար այն գործողությունների ծրագրի նախանշմանը, որոնք պետք է իրականացվեն` Համաշխարհային բանկի զեկույցում գնահատվելու համար: Համաշխարհային բանկի զեկույցը գնահատում է 10 ուղղությամբ իրականացվող գործողությունները, և այդ տեսանկյունից միջոցառումները ծածկում են բոլոր այդ ուղղությունները: Նախատեսված է 51 միջոցառում: Հայաստանում երեք ցուցանիշ գոյություն ունի, որոնք ունեն կատարելագործման մեծ պոտենցիալ, այսինքն` գտնվում են ցածր դիրքերում: Դրանք են շինթույլտվությունը, սնանկության ճանաչումն ու հարկերի վճարումը: Զեկույցում շինթույլտվությունը գտնվում է 98-րդ տեղում, սնանկությունը 95-ում, իսկ հարկեր վճարումը` 88-րդում: Համագործակցելով նաև Համաշխարհային բանկի փորձագետների հետ պետք է ամբողջապես վերանայենք շինթույլտվությունների գործընթացը: Նաև կներդրվի էլեկտրոնային շինթույլտվությունների համակարգ, ինչը կարագացնի գործընթացը, կավելացնի թափանցիկությունը»,-ասաց Բաբայանը:
Սնանկության մասով Հայաստանի հիմնական խնդիրը հետևյալն է` ձեռնարկությունները, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ, հաճախ գնում են լուծարման, և այդ տեսանկյունից պարտատերերը չեն կարողանում վերադարձնել ամբողջ ծավալով գումարը, որը տվել էին այդ ձեռնարկությանը: Իսկ մեթոդաբանությունն ասում է, որ ձեռնարկությունը պետք է շարունակի իր կյանքը` գնա ֆինանսական առողջացման, և վերականգնողական դրույքաչափը կլինի բարձր: Փոխնախարարի խոսքով` այդ տեսանկյունից ծրագրերում շեշտը դրված է ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումերին և առավելապես ապահովված պարտատերերի շահերի պաշտպանությանը:
Հարկերի վճարման մասով Հայաստանի` ցածր դիրքերում հայտնվելը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների վերացմանը:« 2017-ի երկրորդ կիսամյակից սկսված սկսեցին հետ վերադարձնել այդ գումարները: Եվ ակնկալում ենք, որ պետք է բավականին մեծ առաջընթաց ունենանք գնահատման տեսանկյունից»,-նշեց Բաբայանը:
Համաշխարհային բանկի զեկույցը շեշտը դնում է ոչ միայն նրա վրա, թե պետական գերատեսչություններն ինչ բարեփոխումներ են իրականացրել, այլ նաև թե դրանք որքան են կիրառելի դարձել մասնավոր հատվածում: Զեկույցը գնահատում է նաև երկրի օրենսդրական դաշտը`տեսնելու, թե այն որքանով է միտված կազմակերպությունների առողջացման հնարավորություններ ընձեռելուն: Հաշվի առնելով սա` կառավարությունն օրենսդրության մեջ լայնածավալ փոփոխություններ է նախատեսում: Բաբայանը նշեց, որ հաշվի առնելով այս և մի շարք այլ փոփոխություններ` իրենց գնահատումները ցույց են տալիս, որ Հայաստանը մեծ շանսեր ունի հաջորդ տարվա զեկույցի առաջին քսանյակում, նույնիսկ տասնյակին մոտ հայտնվելու:
Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը` Համաշխարհային բանկի 2019-ի զեկույցում` զբաղեցնելով 41-րդ տեղը: Բաբայանի ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք իրականացվել են այս տարի առաջընթաց ապահովելու համար: «Իրականացվել է ավելացված արժեք հարկի դեբետային մնացորդների հետվերադարձի ապահովումը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ գնահատվում է ոչ միայն հնարավորությունը, այլ պրակտիկ գործընթացը, այսինքն, թե որքան ժամանակ է հետևում հետվերադարձը: Բավականին լավ ցուցանիշ ունենք այդ մասով, գումարի հետվերադարձի միջին տևողությունը մոտ մեկ ամիս է: Բնապահպանական հաշվետվությունների ներկայացումներն ամբողջապես էլեկտրոնային են դարձել: Զեկույցում գնահատվում է նաև էլեկտրականության միացման ցուցիչը: Նախկինում տնտեսվարողը կամ քաղաքացին էլեկտրականությանը միանալու համար նախ պետք է գնար Հայաստանի էլեկտրական ցանցեր, դիմում ներկայացներ, կնքեր միացման պայմանագիր, հետո որոշ ժամանակ անց կնքեր մատակարարման պայմանագիր: Այդ գործողությունները մենք միացրեցինք, և տնտեսվարողն արդեն կարող է գնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր, ստանալ միակողմանի ստորագրված պայմանագիր և ըստ ժամանակացույցի միանալ հոսանքին»,-ասաց Բաբայանը:
Առևտրային վեճերի լուծման հնարավորության մեջ ևա գնահատվում է մի ցուցանիշ, թե որքան ժամանակում են իրականացվում կատարողական գործողությունները գույքի հետ: Եթե օրենքը սահմանում էր, որ կատարողական գործողությունները պետք է իրականացվեցին երկամսյա ժամկետում, ապա օրենսդրական փոփոխության արդյունքում կատարողական գործողությունները ներկայում պետք է իրականացվեցն 15-օրյա ժամկետում: Փոխնախարարի կարծիքով` Համաշխարհային բանկի կողմից սա ևս կգնահատվի: Իսկ ամենախոշոր փոփոխությունը փոխնախարարը համարեց ապրիլի 30-ին ուժի մեջ մտած Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի փոփոխությունը, որով արմատապես վերանայվեց ընկերությունների կառավարման թափանցիկության սկզբունքը: Իսկ կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները ներդրվել են որպես պարտադիր բնույթ:
Հայաստանը «Գործարարություն 2019» զեկույցում գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով առաջ է անցել հարևան Թուրքիայից, որը զբաղեցնում է 43 հորիզոնականը, սակայն զիջում է մյուս հարևան Վրաստանին, որը 6-րդն է աղյուսակում:
Աննա Գրիգորյան