ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ-ի միջև օգոստոսի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է հուշագիր պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացման վերաբերյալ։ Նախարարության կողմից փաստաթուղթը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, իսկ ընկերության կողմից՝ տնօրեն Կարեն Գալուստյանը։ Հանդիպմանը մասնակցոել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գործարար միջավայրի բարեփոխում և կառավարման բարելավում, ներդրումների համախառն ծավալի աճ, ստվերային տնտեսության ծավալների նվազեցում, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին նպաստում, հարկման բազայի ընդլայնում, նորարարությունների ներդրման և ՏՏ ոլորտի խթանում, մրցունակ շուկայական մեխանիզմների խրախուսում, գնագոյացման մրցակցային համակարգի կյանքի կոչում, պարենային անվտանգության ամրապնդում, էներգետիկ անկախության, բնական ռեսուրսների և հումքային ապրանքների կանոնակարգված շրջանառության ապահովում և զարգացում, ենթակառուցվածքների (լաբորատորիաներ, պահեստային տնտեսություններ և այլն) զարգացում, միջազգային առևտրի ծավալների ավելացում, այդ թվում՝ նոր երկրների հետ:
Ծրագրի իրագործմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ ապրանքների գնագոյացման թափանցիկության ապահովում, թափանցիկ իրավական դաշտի ստեղծում, շուկայական գների նվազեցման միտման ապահովում, արտադրանքի իրական գների սահմանում, մրցակցային (շուկայական) մեխանիզմների զարգացում, առևտրատնտեսական գործունեության զարգացում, ապրանքների մատակարարման և փոխհաշվարկների շրջանակներում երաշխավորում, տնտեսական տեղեկատվության արդիականացում, ապրանքների առկայության, ծավալի, գնի մասին արդիական տեղեկատվության ապահովում, տնտեսական իրավիճակի լրացուցիչ չափորոշիչի ստեղծում, բնական մենաշնորհ հանդիսացող սուբյեկտների հետ համագործակցության հավասար պայմանների ստեղծում, շուկայի մասնակիցների ոչ խտրական ներգրավվածության ապահովում, բորսայում առկա ապրանքատեսակներին բոլոր շահագրգիռ տնտեսավարողներին անաչառ հասանելիության ձեռք բերում, ապրանքների ստանդարտացման և որակի միջազգային պահանջների ներդրման համակարգի զարգացում, արտասահմանյան գործընկերների և աջակցող ֆոնդերի ներգրավման ակտիվացում, արտահանման և ներմուծման հնարավորությունների դիվերսիֆիկացում, hակամրցակցային համաձայնությունների կայացման հնարավոր սահմանափակում և այլն։
Ծրագրի իրականացման հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկա-տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, պետություն-մասնավոր հատված համագործակցություն, ծրագրի իրականացման տեխնիկա-տնտեսական հիմնավորում, օրենսդրական նախաձեռնություն, ապրանքահումքային բորսայի ձևավորում։
Հուշագրի ստորագրումն ու իրագործումը էականորեն կնպաստի ՀՀ գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և միջազգային առևտրի ծավալների աճին, ինչպես նաև պարենային անվտանգության բարձրացմանը։