Հայաստանում ներկայում ներդրումային մի քանի խոշոր նախագծեր աշխատանքների նախապատրաստական փուլում են։ Այդպիսի նախագծերից են Գյումրիի լոգիստիկ կենտրոնը (չոր նավահանգիստ) և Արարատի մարզի արդյունաբերական պարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
-Պարոն Տերյան, Ձեր նշանակումից շատ ժամանակ չի անցել. որո՞նք են ամենակարևոր գործերը և անելիքները, ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջև և ինչպե՞ս եք պատրաստվում դրանք լուծել։
-Իմ կարծիքով, ցանկացած խնդրի լուծման համար, այդ թվում նաև՝ իմ առջև դրված խնդիրների, կարևոր է ցուցաբերել համակարգային մոտեցում: Անշուշտ, կան առաջնահերթություններ, որոնց վրա մենք հենվում ենք, հատկապես՝ հետճգնաժամային իրավիճակում դրանք ուղղված են մեր երկրի տնտեսության վերականգնմանը և զարգացմանը:
Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ շնորհակալ եմ ցուցաբերած վստահության և այս ոլորտում իմ փորձը և գիտելիքները հայրենիքում ծառայեցնելու հնարավորության համար: Ինչ վերաբերում է իմ անմիջական գործունեությանը, ապա ես և իմ թիմը կենտրոնացած ենք ներդրումային մեծ նախագծերի վրա, որոնք ուղղված են երկարաժամկետ ազդեցություն ունենալուն և որոնց գլոբալ նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Այս համատեքստում մենք մեր առաքելությունն ենք համարում անդրադարձ կատարել նաև սոցիալ-մշակութային բաղադրիչներին: Մշակույթը, կրթությունը և տնտեսական զարգացումը անքակտելիորեն կապված են միմյանց, և դրա մասին չպետք է մոռանալ՝ հատկապես, երբ խոսքը խոշոր, հավակնոտ ծրագրերի մասին է:
-Էկոնոմիկայի նախարարը տարվա համար երկնիշ տնտեսական աճի ակնկալիք ունի. Ձեր կարծիքով` այդ հնարավոր աճի հիմնական մասը ո՞ր ոլորտի հաշվին է ապահովվելու: Թեև նախորդ տարին ամփոփեցինք 7.5 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն տնտեսության բոլոր ճյուղերից ամենաքիչ անկումը գրանցվել էր արդյունաբերության ոլորտում՝ 0.9 տոկոս, այս տարվա սկզբի արդյունքներով էլ արդյունաբերության ոլորտում ակտիվություն, աճ է նկատվում, նախ դա ինչի՞ արդյունք եք համարում և ի՞նչ եք կարծում տնտեսության աճին հիմնական նպաստող ոլորտը հենց արդյունաբերությո՞ւնը կլինի: Արդյունաբերության ավանդական հատվածներում գործող ձեռնարկությունների արդիականացման համար աջակցության տարբերակներ, խթանող ծրագրեր կա՞ն նախարարության օրակարգում:
-Կարող եմ ասել, որ 2020 թվականի մարտի համեմատ, այս տարի գրանցվել է 3,8% աճ: Ցուցանիշը դրական է, ուստի՝ կարող ենք ասել, որ կհասնենք սպասվող արդյունքներին: Ակնհայտ պատճառներով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումը և լոքդաունի ավարտը մեծ ազդեցություն ունեցան ծառայությունների արդյունաբերության վրա, որն էլ ապահովեց առաջին եռամսյակում աճի ամենամեծ մասնաբաժինը:
Ինչ վերաբերում է ձեռնարկությունների արդիականացման խթամանն ուղղված աջակցության ծրագրերին՝ ապա պետությունն, իր հերթին, այժմ առավելապես շահագրգռված է, որպեսզի արդյունաբերության ավանդական ճյուղերն ակտիվ զարգանան և, օժանդակության ընթացող ծրագրերից զատ, մշակում է նաև աջակցության նոր ձևաչափեր:
-Կառավարության թիրախում էր տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվել մինչև այժմ, ի՞նչ ընթացիկ միջոցառումներ կան:
-Այո, սա մեզ համար, իրոք, գերակա խնդիրներից մեկն է: Ինչպես, հավանաբար, գիտեք, մենք վերակազմավորել ենք «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հիմնական խնդիրն է լինելու էլեկտրոնային հարթակների ստեղծումն՝ ուղղված ներդրումների, բիզնեսի և թվային վերափոխումների աջակցությանը: Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կկարողանանք քննարկել այս ուղղությամբ առաջընթացը։
-Հայաստանի տնտեսությունում վերջին շրջանում ներդրումները հիմնականում ո՞ր ոլորտում են կատարվում: Ի՞նչ խոշոր ներդրումային ծրագրեր կառանձնացնեք, որոնք կատարվել են վերջին ամիսներին, ի՞նչ նոր զգալի ներդրումային ծրագրեր են սպասվում առաջիկայում:
-Ներկայումս մի քանի խոշոր նախագծեր աշխատանքների նախապատրաստական փուլում են: Դրանցից կցանկանայի նշել Գյումրիի լոգիստիկ կենտրոնը (չոր նավահանգիստ) և Արարատի մարզի արդյունաբերական պարկը: Մենք բավականին ակտիվ զբաղվում ենք ոռոգման ջրի խնդիրներով՝ այս ոլորտ մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Նաև վերսկսել ենք Գյումրիի պատմական կենտրոնի` Կումայրիի զարգացման ծրագրերը: Թվարկածս ընդամենը աշխատանքի ընթացիկ ծրագրերի մի մասն է, և, ինչպես տեսնում եք, դրանք ընդգրկում են տնտեսության շատ տարբեր ոլորտներ: