«ՀՀ»-ի հարցազրույցը էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հետ
–Հասկանալի է՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա լրջորեն գնահատելը դեռ վաղաժամ է։ Բայց նախնական գնահատականներ, այնուամենայնիվ, հնչում են։ Եվ աշխարհի շատ երկրներ արդեն խոսում են տնտեսության այս կամ այն առաջնահերթությունները փոխելու, ուղղությունների հնարավոր շտկումների, վերանայումների մասին։ Հայաստանը ունի՞ այդ համավարակի ազդեցության գնահատականը, հնարավո՞ր է տնտեսական ինչ—որ առաջնահերթություններ փոխվեն։
–Մենք տնտեսական ռազմավարություններ ունենք։ Նախ պիտի խոսենք այն հարցից, թե արդյոք կորոնավիրուսը ազդելու է այդ ռազմավարությունների իրագործման վրա, ինչպես է ազդելու, եւ հետո՝ ապագայում ինչ ենք ընդհանրապես տնտեսական քաղաքականության մեջ անելու։ Խոսենք առաջին մասից՝ ռազմավարություններից, օրինակ՝ արդյունաբերության։ Սրա թիրախը արտադրողականության բարձրացումն է եւ մեր մշակող արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը։ Համավարակն իհարկե ազդել է միջոցառումների ժամկետների տեսանկյունից՝ էքսպոներին մասնակցություն, փորձի փոխանակում եւն։ Իսկ նպատակի վրա չի ազդում։ Հաշվի առնենք՝ մենք ռազմավարությունը հենց, այսպես ասենք, հորիզոնական ենք սարքել։ Որպեսզի տեսնենք, թե քաղաքականությունները ո՛ր ոլորտում (դեղագործությունում, տեքստիլում եւ այլն) ավելի լավ կարձագանքեն։ Թե ո՛ր ոլորտում ավելի լավ «կդրսեւորվեն» արդիականացումն ու արտադրողականության բարձրացումը, որովհետեւ մրցունակության տեսակետից դա է ապագան։ Եթե խոսենք արտահանման քաղաքականությունից, ապա արդեն սկսել ենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատել, որպեսզի արտահանման աջակցության քաղաքականությունը որոշակիորեն փոխենք՝ հաշվի առնելով նաեւ համավարակի պայմանները։ Ներկայիս դրությամբ պարզ է, որ պլանավորման հորիզոնը դեռ չի բացվել։ Այո, որոշակի տեղերում վիճակն ավելի պարզ է դառնում, բայց իմ խոսքը միջազգային շուկաներում ռազմավարական պլանավորման մասին է։ Դեռ պարզ չէ, թե միջազգային շուկաներում ինչ կլինի, եւ հայկական ապրանքները ո՛ր շուկայում կարող են մրցակցային առավելություն ստանալ։ Այդ պատճառով մեր արտահանման ծրագիրը պիտի սկսի ավելի շատ հենվել մասնավոր հատվածի պահանջարկի վրա։ Այսինքն, եթե մասնավոր հատվածը զգում է, որ ինչ—որ տեղ կարող է մրցունակ դառնալ, մենք կարողանանք օգնել նրան, ուժեղացնել։ Մեր մասնավորը շատ լավ կարողանում է արագ փոփոխվող իրավիճակում տեսնել իր առավելությունը, բռնել դա եւ օգտագործել։ Մեր դերը լինելու է նրան օգնելը դեռեւս կարճաժամկետ եւ միջնաժամկետ հատվածներում, որպեսզի իրենք ավելի ուժեղ լինեն, քան մրցակիցները։
–Երկարաժամկետ կտրվածքում դեռ սպասելու ենք մինչեւ համավարակի այս պայմաններում միջազգային պատկերը ավելի հստա՞կ դառնա։
–Այո։ Որովհետեւ պատկերը օրեցօր փոխվում է։ Օրինակ, սկզբում եթե ենթադրում էինք, որ ՀՆԱ—ի պոտենցիալ աճի վրա համավարակը քիչ է ազդելու, ապա հիմա զարգացումները սկսում են այլ բան հուշել։ Սկզբում մտածում էինք՝ ինչպես անել, որ պոտենցիալ ՀՆԱ—ին մոտ աճենք, հիմա մտածում ենք՝ ինչպես անել, որպեսզի վերականգնենք պոտենցիալ ՀՆԱ—ն։
–Իսկ որո՞նք են պոտենցիալ ՀՆԱ—ի վերականգնման ուղղությունները։
–Լավն այն է, որ վերականգնման հիմնական կառուցվածքային ուղղությունները նույնն են, ինչի մասին կառավարությունն անընդհատ խոսում է։ Դա ենթակառուցվածքների ներդրումներն են, առողջապահության եւ կրթության ոլորտներում ներդրումները։ Այսինքն՝ հնարավոր է համավարակից հետո ավելի շատ ներդրումներ լինեն առողջապահության, քան մեկ այլ ոլորտում։ Բայց դա սկզբունքային քաղաքականության ծանր փոփոխություն չի ենթադրում, որովհետեւ, միեւնույնն է, մենք դեռ պետք է շարունակենք մարդկային կապիտալը ստեղծել, իսկ դա արվում է կրթությամբ, առողջապահությամբ եւ ենթակառուցվածքներով։ Մեր ընդհանուր քաղաքականության մեջ փոփոխությունն այն է, որ հիմա սկսում ենք ավելի շատ խոսել ոչ միայն զարգացումից, այլեւ այսպիսի շոկերի նկատմամբ տնտեսության որոշակի ռազմավարական հատվածների կայունացումից։
–Այս պահի դրությամբ դրական մի բան կարո՞ղ ենք փաստել։
–Դրականն այն է, որ Հայաստանի Հանրապետության համար բարձր կարեւորություն ունեցող գրեթե բոլոր ոլորտները դեռեւս կայուն են այս պահին։ Իհարկե, վնասներն արդեն սկսում են երեւալ, բայց զգալի շոկեր դեռեւս չունենք։ Այսինքն՝ այն ոլորտները, որոնց փլուզումը կարող է կառուցվածքային խնդրի բերել, դեռ կայուն են։ Ոչ մի ապրանքի դեֆիցիտ դեռ չի նկատվում, ո՛չ սոցիալական եւ ո՛չ էլ հանրային ծառայությունների մատակարարումների հետ կապված խնդիրներ չկան։ Սա լավ նշան է։
–Հայաստանի տնտեսական աճի նվազման հետ կապված միջազգային մի շարք կազմակերպությունների կանխատեսումները տարբեր են։ Մե՛ր կանխատեսումը ո՞րն է։
–Միջազգային կանխատեսումների տարբերությունը մեթոդոլոգիաների տարբերությամբ է պայմանավորված։ Իսկ մեր պաշտոնականը հետեւյալն է. աճ չի լինելու, անկում է լինելու մոտավորապես 2.6–2.8 տոկոսային շրջանակներում։ Սա միջին կայուն սցենարն է։ Բայց իրավիճակի վատացումը կարող է բերել այլ սցենարների…
–Հասկանալի է։ ԿԲ—ն էլ արդեն ասել է, որ տնտեսական աճը բացասական է լինելու՝ խոսելով համավարակից առավել տուժած ոլորտներից, եւ որ կորոնավիրուսի տնտեսական ազդեցության մեխանիզմը հասկանալու համար մշակել է սեփական մոդելը՝ այդ ազդեցության ուղղությունները պարզելու համար։ Համապատկերում այլ հարց եմ ուզում հնչեցնել՝ կառավարության՝ տնտեսության մասով հակաճգնաժամային միջոցառումները թիրախային եղե՞լ են։ Կա՞ն վերլուծություններ։
–Ինչքանով են թիրախային եղել կամ հակառակը, վերլուծությունները ցույց կտան։ Բայց, միանշանակ, նպատակը եղել է այն, որ հնարավորինս թիրախային լինի։ Առաջին միջոցառումը (որ բանկային համակարգն էր օգտագործում), օրինակ, հստակ նպատակով է եղել. այն տնտեսավարողները, որոնք բավարար կայուն էին, էլ ավելի էին կայունանում։ Երկրորդ միջոցառումը, որ գյուղատնտեսական ոլորտի աջակցությանն էր վերաբերում, դարձյալ հստակ նպատակային էր։ Եվ երրորդը, որ վերաբերում էր փոքր տնտեսություններին՝ նույնպես. փորձում էինք լիկվիդայնության բացը վերացնել։ Որովհետեւ եթե այլ հավասար պայմաններում բիզնեսը մրցունակ է, ապա այս շոկային պայմաններում կարող էր խնդիրներ ունենալ գումարի պակասի պատճառով եւ փակվել։ Որոշեցինք դա թույլ չտալ։ Հարցնում եք՝ թիրախային եղե՞լ են։ Մասնագիտական առումով դա ցույց կտա ժամանակը։ Պետք է որ՝ այո։ Մասնագիտական ուսումնասիրությունը շատ բան ցույց կտա՝ արդյոք մենք սխալներ չենք գործել, արդյոք ինչ—որ տեղ կարելի էր ավելի արդյունավետ գործել։ Սա շատ կօգնի ապագայում համանման իրավիճակներում։ Բայց պետք է հիշել, որ կառավարությունը գործում է արտակարգ պայմաններում։ Իսկ սա նշանակում է, որ այլ պայմաններում նույն որոշումը կայացնելու համար մենք շատ ավելի ժամանակ կծախսեինք վերլուծությունների վրա, իսկ այս պահին որոշումը կայացվել է լոգիկ շղթայի եւ մասնագիտական փորձի հիման վրա։ Մեր կարծիքով՝ միջոցառումները թիրախային են եղել եւ համապատասխանում են հայտարարված նպատակներին։ Իսկ արագ է եղել, թե ոչ, ազդեցության ծավալը բավարար է եղել, թե ոչ, եւ շատ այլ հարցերի պատասխան վերլուծությունը ցույց կտա, երբ վիճակը հանդարտվի։
–Երբ ուսումնասիրում էի համավարակի հետեւանքով մարտահրավերներին դիմակայելու տարբեր երկրների փորձը, պարզեցի, որ տնտեսությունում նրանք սկսել են էÕլ ավելի ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը։ Խոսելով ոլորտային քաղաքականության փոփոխություններից՝ շեշտադրել էին փոքր գյուղացիական տնտեսություններ ունենալու ու դրանք զարգացնելու անհրաժեշտությունը։ Որովհետեւ դրանք ավելի ճկուն դուրս եկան այս շոկի հանդեպ ու ինքնազբաղվածության հարց լուծեցին։ Այս մասով մեր բախտը կարծես բերել է…
–Հետաքրքիր բան եք ասում այն առումով, որ այո, ինչքան համակարգը ապակենտրոնացված է, այնքան կայուն է ռիսկերի նկատմամբ։ Հիմա անընդհատ, ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում տնտեսական քաղաքականության հարցերից մեկը հետեւյալն է լինելու. արդյոք պետք է կենտրոնանալ համակարգի կայունությա՞ն վրա, թե՞ պետք է շարունակել թիրախավորել աճը եւ որն է լինելու պետության դերը։ Սա ոտքի վրա քննարկելու հարց չէ, շատ լուրջ, խորքային խնդիր է՝ ընտրություն կայունության եւ աճի, արտադրողականության միջեւ։ Հասկանալու համար՝ ինչ ենք ուզում, որն է ճիշտ, որպեսզի այսպիսի շոկերի նկատմամբ կայուն լինե՞նք, թե՞ ուզում ենք արագ աճել։ Կամ՝ ինչ—որ միջանկյալ մի տարբերակ՝ ե՛ւ այն, ե՛ւ այն, որ իդեալական կլինի, բայց դա շատ բարդ բան է։ Բայց այս հարցը բոլորի սեղանին դրվելու է։ Ժամանակը շատ բան ցույց կտա։
–Շնորհակալություն հարցազրույցի համար։ Սպասենք ժամանակին…
–Ձեզ էլ շնորհակալություն։ Ամեն դեպքում մենք իրավիճակի շարունակական մոնիտորինգ ենք անում։ Հասկանալի է, չեմ կարող ասել՝ ամեն ինչ լավ է, բայց պետք է փորձենք վնասները նվազագույնի հասցնել։