ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ Շանհայ քաղաքում անցկացվող Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին, որի նպատակն էր նպաստել փոքր և միջին բիզնեսի գործունեության կայուն զարգացմանը։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։
Ցուցահանդեսին միասնական ազգային տաղավարով մասնակցել են տարբեր ոլորտների 12 հայաստանյան ընկերություններ, որոնք ներկայացրել են 25 ապրանքանիշ։ Ընդհանուր առմամբ, այս տարի միջոցառումն ունի ռեկորդային թվով մասնակիցներ՝ 67 երկրից ավելի քան 4000 ընկերություն, այդ թվում՝ Fortune Global 500-ի ցուցակի 290 ընկերություններ։
«Ցուցահանդեսին մասնակցելը չափազանց արդյունավետ է և նոր հնարավորություններ է ընձեռում մեր արտադրողների համար նոր շուկաներ գտնելու, ինչպես նաև հայկական ծագման արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու տեսանկյունից», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ նախորդ տարվա ցուցահանդեսի արդյունքում մի շարք հայկական ընկերություններ հնարավորություն են ունեցել համաձայնագրեր կնքելու, իսկ որոշ ընկերություններ արդեն նախատեսում են իրենց արտադրանքն արտահանել չինական շուկա։
Ցուցահանդեսի շրջանակում նախարարի տեղակալը մասնակցել է «Ազատ առևտրի գոտիները խթանում են արդյունաբերական նորարարությունները և համաշխարհային առևտուրը» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է UNIDO-ի և ՉԺՀ Առևտրի նախարարության համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Գլոբալ Հարավում գյուղատնտեսության զարգացման ներկա իրավիճակը և հեռանկարները» համաժողովին: