ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ'Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո Բեթնոն։
Հուշագրի ստորագրումը միտված է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդմանը գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ հատուկ շեշտադրումով Տավուշի մարզի Գանձաքար համայնքի զարգացման վրա:
Այն կնպաստի ՀՀ և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցության խորացմանը, համայնքների կարողությունների զարգացման միջոցով տեղական ինքնակառավարման մակարդակում միջազգային կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ կաթնատու տավարաբուծության մեջ կառուցվածքային ու տեխնոլոգիական առաջընթացին՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի փորձի կիրառմամբ, Տավուշի մարզի Գանձաքար համայնքում համատեղ օգտագործման համար ժամանակակից անասնաշենքի կառուցմանը:
Հուշագրով ասոցիացիան կաջակցի ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի տնտեսվարողներին կառուցել ժամանակակից անասնաշենքեր, որոնցում կբուծվեն համաշխարհային ճանաչում ունեցող կաթնային կամ կաթնամսային ուղղության ցեղերի տոհմային կենդանիներ։ Այդ համատեքսում նախատեսվում է նոր անասնաշենքի կառուցում՝ կոպերատիվ օգտագործման համար, որում փոքր գլխաքանակ տնօրինող ֆերմերները կարող են համատեղ խնամել իրենց կենդանիներին։