ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։
Համաժողովի շրջանակներում Անուշիկ Ավետյանը մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված քաղաքական բարեփոխումները: Իր խոսքում նա անդրադարձել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` որպես ռազմավարական առումով կարևոր ենթակառուցվածքային նախագիծ Հայաստանի Հանրապետության համար:
«Այս միջանցքը մեզ համար ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածք է, այլև տարածաշրջանային կապի և համագործակցության խորհրդանիշ է: Այն սերտորեն համապատասխանում է Հայաստանի ավելի լայն ռազմավարական տեսլականին՝ դառնալ «Խաղաղության խաչմերուկ»: Այս նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև կառուցողական կամուրջ՝ խթանելով երկխոսությունը, առևտուրը և փոխըմբռնումը հարևան երկրների և մեր տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջև», - նշել է նախարարի տեղակալը:
«Երբ խոսում ենք կապի և առևտրի բարելավման մասին, այդ նպատակները միշտ չէ, որ ձևակերպում ենք որպես խաղաղության հասնելու միջոց, սակայն իրականում մենք հենց դրան էլ նպաստում ենք։ Կապն ու առևտուրը բնականորեն ստեղծում են ընդհանուր շահեր, փոխադարձ կախվածություն և համագործակցության նոր հնարավորություններ։ Թեև ենթակառուցվածքների նպատակը կարող է ուղղակիորեն խաղաղությունը չլինել, սակայն երբ դրանք միավորում են պետություններին, խթանում են համագործակցությանը, հաղորդակցությանը և ավելի արդյունավետ համակեցությանը»:
Համաժողովի ընթացքում Անուշիկ Ավետյանը հանդիպել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի, Ջրային և քաղաքային զարգացման բաժնի ավագ տնօրեն Նորիո Սաիտոյի և տնօրեն Ջինգմին Հուանգի հետ և քննարկել ԱԶԲ-ի հետ իրականացվող հանրային ներդրումային ծրագրեր։
Հանդիպումների ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Գյումրիի չոր նավահանգստի ծրագրի հայեցակարգը և կարևորությունը։ Նա շեշտել է, որ այս նախաձեռնությունը կխորացնի Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային և գլոբալ մատակարարման շղթաներում։ «Այն կարևոր գործոն է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման համար՝ արտացոլելով մեր պատրաստակամությունը՝ խթանելու կայուն զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը»։