ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումներին ընդառաջ ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով:
Այցի շրջանակում նախարարության պաշտոնյաները Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպել են Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ։ Հանդիպումների ընթացքում խաղողագործների հետ քննարկվել են մթերումների գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ, տրվել են պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։
Խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի բարձր ինքնարժեքը, խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։ Խաղողի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով խաղողագործներին առաջարկվել է դիտարկել հողերի խոշորացման տարբերակը, իսկ ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով՝ այգիներում ներդնել ոռոգման կաթիլային համակարգեր։
Նույն օրը պաշտոնյաներն այցելել են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ և «ՄԱՊ» ՓԲԸ։ Ընկերությունների ղեկավարների հետ նրւանք շրջել են գործարաններում, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին։
Խաղողագործների և մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցների ընթացքում քննարկվել են մթերումներն առավել սահուն ու արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները։ Մթերող կազմակերպությունները բարձրաձայնել են հարցեր, որոնց պարագայում հնարավոր է ավելի շատ ծավալով մթերումներ իրականացնել։ Նախարարը հիշեցրել է ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում նաև պարզվել է, որ կան ֆերմերներ, որոնք դեռ չունեն պայմանագրեր մթերողների հետ, իսկ այցելած գործարաններից մեկում մթերման համար ցուցակագրումը դեռ նոր է սկսվում։
Ընկերություններում ի թիվս այլ խնդիրների ղեկավարները մատնանշել են նաև ոլորտում բարձրորակ մասնագետների պակասը։ Ի պատասխան նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում տնտեսավարողները իրենց ընկերությունների արտադրողականության բարձրացման նպատակով լիզինգով կարող են ձեռք բերել արտադրական սարքավորումներ, իսկ բարձրակարգ մասնագետների ներգրավող հայկական ընկերություններին կարող է փոխհատուցվել վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մի մասը։
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում առկա է տեխնիկական խաղողի մոտ 4700 հա բերքատու այգի։ Կանխատեսվում է, որ այս տարի մարզում կարտադրվի մոտ 90-92 հազար տոննա խաղող։