Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ու Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելել են Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո համայնքեր, որտեղ ՊԳԿ կողմից ԵՄ ֆինանսավորմամբ, 67 խոցելի ընտանիքների տրամադրվել է գյուղատնտեսական խոշոր եղջերավոր կենդանիների համար անասնակեր՝ կոպիտ և համակցված։
Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար համավարակի պատճառած հետևանքների մեղմմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։
Այցի շրջանակում պաշտոնյաները Գյուլագարակ համայնքում ներկա են գտնվել աջակցության բաշխման գործընթացին։
«էկոնոմիկայի նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր երկարամյա համագործակցությունը, և այս ծրագիրը համատեղ ջանքերով իրականացվող կարևոր նախաձեռնություններից է։ «LEADER» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 11 մլն եվրո, որը նպաստում է քաղ․ հասարակության, մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ ներառական զարգացում ապահովելու նպատակով։ Ընդհանուր ծրագրի մեջ ընդգրկված են ֆերմերային տնտեսությունների տարբեր խմբեր, այդ թվում՝ նաև խոցելի խմբերը, որոնց անհրաժեշտ է օգնել՝ ապահովելու իրենց տնտեսության կայունությունը։ Այս առումով, կարծում եմ, որ տրամադրվող աջակցությունը թիրախային է և ճիշտ ժամանակին։ Էկոնոմիկայի նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ և շարունակաբար պատրաստակամ է իրականացնել համատեղ նոր զարգացման ծրագրեր», - նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր խոսքում նշել է․ «Ըստ ՊԳԿ-ի՝ աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին, մասնավորապես Լոռու և Տավուշի մարզերում»։
Միջոցառման ընթացքում ֆերմերներն գոհունակություն են հայտնել ցուցաբերված աջակցությունից՝ նշելով, որ այն մեծ նշանակություն է ունեցել կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունների պայմաններում։
Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EU LEAD4Lori and Tavush Regions) ծրագրի բաղադրիչներից է։ Այն ֆինանսավորվում է ԵՄ և իրականացվում ՊԳԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագիրն օգնում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։