«Armenian Business Forum» գործարար համաժողով Հայաստանում

20 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության բարձրաստճան պաշտոնյաներ, գերատեսչությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Համաժողովը մեկնարկել է «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանով, որին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի/«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, «Ռուսաստանի արտահանման կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան, «АЕОН Корпорэйшн» տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը, Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլք:   

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է․ «Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը լավ հարթակ կծառայի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր՝ անմիջական շփումների հաստատման և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի ու կոոպերացիոն լուծումների քննարկման համար: Մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել՝ այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ պետությունների հետ առևտրի և համագործակցության կայուն աճ: Ավելին՝ արդեն ակնհայտ է, որ մեծ մասամբ շնորհիվ եվրասիական ինտեգրացիոն ծրագրի, մեզ հաջողվել է զգալի թուլացնել համավարակի բացասական տնտեսական և սոցիալական հետևանքները: Ներկայիս բարդ իրավիճակում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեզ համար շարունակում է մնալ տնտեսության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը և դառնում է կարևորագույն դրական գործոն, որն ազդում է մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա»։

Փոխվարչապետն ընդգծել է արդյունաբերական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ու արտադրությունների զարգացման անհրաժեշտությունը, համատեղ նորարարական նախագծերի իրականացումը, որոնք թույլ կտան լինել մրցունակ արտաքին գործընկերների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպել լոգիստիկ շղթաների կառուցումը, արտահանմանն աջակցող կենտրոնների ստեղծումը: Նա նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում արձանագրվել է էական զարգացում տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման և առողջապահության ոլորտներում, ընդգծել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական և գազի շուկաների ձևավորման կարևոր նշանակության մասին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ելույթում նշել է, որ ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցությունը բավականին խոր արմատներ ունի և համոզմունք է հայտնել, որ համատեղ  ջանքերով հնարավոր է գտնել այնպիսի գլոբալ մարտահրավերների պատասխաններն, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը և համավարակը։ «Միասին մենք կարող ենք հասնել լավագույն արդյունքների և անգամ գերազանցել դրանք։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք դրական արդյունքներ համատեղ առևտրի շրջանակներում՝ 17 տոկոսից մի փոքր ավելին»,- նշել է  Ալեքսեյ Օվերչուկը՝ հավելելով, որ ապրանքաշրջանառության ներկայիս արդյունքները չեն կարող գոհացնել ռազմավարական գործընկերներին, քանի որ հնարավոր է և պետք է անել ավելին․ «Մենք լուրջ ներուժ ունենք, որպեսզի համատեղ առևտրի և ներդրւմների ոլորտներում աճ գրանցենք, իսկ ամենակարևորը՝ մենք ունենք համագործակցության արդյունավետ գործիքներ։ ՌԴ և ՀՀ ձեռնարկատերերը պետության կողմից աջակցություն են ստանում, կա հնարավորություն օգտագործելու ռուսաստանյան ինստիտուտների գործիքակազմը։ Այս ամենը կարող է նպաստել բիզնեսի զարգացմանը», - ասել է ՌԴ փոխվարչապետը և հույս հայտնել, որ համաժողովի շրջանակում Հայաստանն իր համար նորովի կբացահայտի Ռուսաստանը։ Այեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածքների համար։

«Մենք կանխատեսում ենք, որ այսօրվա միջոցառման արդյունքում կձեռնարկվեն նոր համատեղ նախագծեր, որոնք թույլ կտան լուրջ քայլ անել երկկողմ հարաբերություններում», - ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը և կոչ արել երկու երկրների գործարար շրջանակներին համագործակցել ոչ միայն ավանդական ոլորտներում, այլև ուսումնասիրել բոլոր նոր հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի տնտեսությունը թեև թուլացել էր նախորդ տարվա երկու ծանր շոկերից հետո, սակայն արագ վերականգնվում է։ «Առաջին կիսամյակի ընթացքում գրանցել ենք 5 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է արտահանումը։ ՀՀ կառավարության նոր ծրագրով մտադիր ենք անցնել ներդրումների վրա հիմնված աճի ապահովման մոդելին։ Այդ անցումն ապահովելու համար խոշոր կապիտալ ներդրումներ կիրականացվեն ենթակառուցվածների մեջ։ Մենք նախատեսում ենք ստեղծել 3 արդյունաբերական պարկ, որոնցում կցանկանայինք ներգրավել այլ երկրների ընկերություններին», - նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ ենթակառուցվածքային նախագծերում հայկական կողմը ուրախ կլինի ներգրավել ռուս գործընկերներին, որոնցից շատերն արդեն իսկ մասնակցում են խոշոր ծրագրերում:

Վահան Քերոբյանը նաև հակիրճ անդրադարձել է բիզնեսի որոշ խնդիրներին՝ առանձնացնելով ֆինանսների հասանելիության հարցը։ Նա նշել է, որ Հայաստանում կա լավ բանկային համակարգ, որն իր մասով ֆինանսավորում է Հայաստանի տնտեսությունը, սակայն գրեթե բացակայում են ֆինանսավորման մյուս աղբյուրները՝ արժեթղթերի և ֆոնդային շուկան։ Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ներդրումային ֆոնդերին, որոնք կօգնեն գործարարներին ստանալ ֆինանսական օժանդակություն։

Վահան Քերոբյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեության ակտիվացման մտադրության մասին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է մի շարք ծրագեր իրականացնել հայկական ընկերությունների գործունեության արդյունավետությունն ու արտադրողականությունը զգալիորեն բարձրացնելու համար, ինչը կնշանակի, որ ներդրումների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ ասել է․ «Այս տարի մեզ հաջողվել է հաղթահարել փոխադարձ առևտրի բացասական միտումները, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակով սահմանափակումներով պայմանավորված, և այսօր մենք ունենք առևտրաշրջանառության դրական աճ։ Այսօր Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսաստանյան ընկերություններ, որոնցից շատերը խոշոր հարկատուներ են։ Ռուսաստանը ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության իրական հատվածում ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով»։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է հայկական ընկերությունների գործունեությամբ ՌԴ տարածաշրջաններում և առաջարկել նախաձեռնել նոր համատեղ ներդրումային ծրագրեր և ստեղծել կոոպերացիոն օղակներ։

«Այսօր չափազանց կարևոր է համագործակցության ակտիվացումը ոչ միայն առևտրի, այլև ներդրումային ոլորտում։ Երկու երկրների պետությունները պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել բիզնեսին՝ բարենպաստ պայմաններ   ստեղծելով, խոչընդոտները և սահմանափակումները վերացնելով, այդ թվում՝ մաքսիմալ օգտագործելով ԵԱՏՄ անդամակցության առավելությունները, ինչպես նաև ցուցաբերելով ֆինասնական և ոչ ֆինանսական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին։ Մենք չափազանց կարևորում ենք նաև  երկու երկրների տարածաշրջանային համագործակցությունը», -ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը։

Դմիտրի Վոլվաչը նաև կոչ է արել երկու երկրների գործարար համայնքին առավելագույնս օգտագործել կլոր սեղանների հարթակը, հանդիպումներ ունենալ և ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ Նա նաև հավելել է, որ երկու նախարարությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը կհավաքագրի բոլոր նախագծերը, մանրամասն կուսումնասիրի դրանք, նախնական փուլում կհայտնաբերի ծրագրերի իրականացման խոչընդոտները՝ դրանք վերացնելու նպատակով։  

«Համոզված եմ, որ այսօրվա աննախադեպ առաքելությունը հիմք կդնի նոր, փոխշահավետ նախագծերի ձևավորմանը, որոնք համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն», - ասել է ՌԴ փոխնախարարը։

Համաժողովի ընթացքում անցկացվել են «Քաղաքային էկոնոմիկա», «Էներգետիկա և շրջակա միջավայր», «Նորարարություններ» թեմաներով կլոր սեղան-քննարկումներ, տեղի են ունեցել շնորհանդեսներ, առանձին գործարար հանդիպումներ:

Միջոցառման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվել է «Համագործակցության մասին» համաձայնագիր։ Համաձայնագիր է ստորագրվել նաև «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջև: 

«Armenian Business Forum» գործարար համաժողովն անցկացվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների և ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) կողմից։

Համաձայնագրերի մասին մանրամասն՝ 

 

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00