Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Armenian Business Forum» գործարար համաժողովի շրջանակում ստորագրվել է հայ-ռուսական համագործակցության երկու փաստաթուղթ։
«Համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև։ Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։
Համաձայնագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսված է նպաստել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքներում տնտեսական ինտեգրման խորացմանը` մասնակցելով Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում իրականացվող երկկողմ և բազմակողմ նախագծերի ֆինանսավորմանը կամ կազմակերպելով դրանց ֆինանսավորումը։ Մասնավորապես՝ նախատեսվում է երկու երկրներում կողմերի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ նախագծերի, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի, իրականացման ֆինանսավորման կազմակերպում։ Կկատարվեն նաև համատեղ վերլուծություններ և գնահատումներ, նաև կիրականացվի փորձագիտական և վերլուծական գործունեություն` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների աճը ապահովող և բարելավող գործոնների բացահայտման նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել երկու երկրների քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն ուղղված աջակցվող ծրագրերի որոնում և ընտրություն, այդ նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավում, աջակցվող ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ նրանց մասնակիցներին ներդրումային խորհրդատվության տրամադրում։
Միջոցառման շրջանակում ստորագրված երկրորդ փաստաթուղթը «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջև «Նորարարության (ինովացիոն) ոլորտում համագործակցության մասին» հուշագիրն է, որը ստորագրվել է «Imagine HUB by Soft» ընկերության գլխավոր տնօրեն Ինգա Վարդազարյանի և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության տարածաշրջանային զարգացման և ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության մասով փոխնախագահի տեղակալ Ալեքսանդր Օկունևի կողմից։
Կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում նորարարական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի (մինչև 2030 թվականը) խնդիրների իրականացման ուղղությամբ։
Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն նորարարությունների առևտրայնացման ցանցի զարգացման, ինովացիոն գործունեության խթանման ուղղություններով, ինչպես նաև վենչուրային ֆինանսավորման ոլորտում և համատեղ վենչուրային հիմնադրամների կազմավորման ոլորտում նախաձեռնությունների մշակում և իրականացում, ինովացիոն գործունեության պետական և մասնավոր աջակցության միջոցների և գործիքների մոտարկում և այլն։