Հայաստանը մտադիր է կրկին երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի գործողության ժամկետը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը. արգելքը նպաստում է տեղական արտադրությունների հիմնմանը, բացն էլ լրացվում է տարբեր շուկաներից ներկրումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը:

Գերատեսչությունը քննարկել է, վերլուծություն կատարել, թե արգելքը որքանով է տնտեսապես արդյունավետ, ինչպիսի բարդություններ և հնարավոր դրական արդյունքներ կան դրանից: «Գտնում ենք, որ վերջնական սպառման թուրքական ապրանքների ներկրման արգելքը տրամաբանական է և պետք է շարունակվի: Հետևաբար, էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է վերահաստատել  այդ քաղաքականությունը, ևս 6 ամսով երկարաձգել արգելքի գործողության ժամկետը»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ կրկին կպահպանվի Հայաստանում արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների, միջանկյալ սպառման ապրանքների ներկրումը:

Նախքան արգելքը Հայաստանի տնտեսության մեջ թուրքական ապրանքների մեծ շրջանառություն է եղել՝ տարեկան մոտ 260 մլն դոլարի: Մինչև այս տարվա սեպտեմբեր այն կազմել է ընդամենը 20 մլն դոլար՝ թույլատրելի, արտադրական նյութերի ներկրման արդյունքում: Իսկ կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսությունը կկանգնի, տեղի չեն ունեցել: Ավելին՝ այն տնտեսության վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Հիմնվել են արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, շինանյութի բնագավառներում, բացվել է ներկերի արտադրություն: Նախարարությունը տեղյակ է նաև հիմնման փուլում գտնվող խոշոր արտադրությունների մասին: Արգելքից հետո հնարավոր դեֆիցիտը տեղական արտադրությամբ լրացնելուց բացի լրացվել է նաև այլ երկրներից ներմուծումներով: Փոխարինումը եղել է հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում իրականացվում է անմաքս առևտուր, ԵՄ շուկայի միջոցով:

«Արաբական Միացյալ Էմիրություններից այս տարի եղել է մոտ 1.3 մլն դոլարի կոշիկի ներմուծում, որը մինչ այդ 0  է եղել: Իտալիայից ներմուծվել է նավթամթերք, ինչը նախկինում չի արվել, սակայն նախքան արգելքը ներմուծում է եղել Թուրքիայից: Այսինքն՝ շուկաները փոխարինվում են: Ընդ որում՝ այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ ցավոտ»,-ասաց փոխնախարարը:

Վերջին 6 ամսում արգելքի գործողության տնտեսական վերլուծության արդյունքում գերատեսչությունը նկատել է՝ արգելքի արդյունքում, չնայած տնտեսավարողների համար առաջացող որոշ սահմանափակումներին, ընդհանուր առմամբ էական վատ ազդեցություն չկա: Ասլանյանը նկատում է՝ գործարարներից ոմանց մոտ, իհարկե, խնդիրներ առաջացել են, սակայն, մեծամասնությունը սահմանափակումների արդյունքում առաջացած խնդիրները հաղթահարել է՝ նաև հայրենասիրական նկատառումներով: Գործարարները գտնում են ճանապարհ՝ անհրաժեշտ ապրանքները տաբեր շուկաներից բերելու: Նախարարությունն էլ իր հերթին արգելքը դնելուց անմիջապես հետո արգելվող ապրանքների համար վերլուծություն է արել, գտել  այլընտրանքային շուկաներ, որտեղից կարող են տնտեսավարողները ներմուծել, տեղեկացրել է նրանց, բացի այդ՝ առաջարկել է օգտվել արտադրություն հիմնելու պետական աջակցության ծրագրերից:

Ասլանյանը հիշեցրեց՝ արգելվել է ոչ թե միայն Թուրքիայից ապրանքների ներկրումը, այլ թուրքական ծագման ապրանքների ներկրումը՝ որ երկրից էլ լինի: «Դա նշանակում է, որ, եթե, օրինակ, ԵԱՏՄ տարածքից թուրքական ծագման սերտիֆիկատով ապրանքներ են գալիս, չեն կարող մտնել ՀՀ: Բայց մենք ԵԱՏՄ-ի հետ բաց առևտուր ունենք, ինչը նշանակում է, որ վերահսկողության իրականացումը բավականին դժվար է»,- ասաց փոխնախարարն ու չբացառեց սերտիֆիկատների կեղծումը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե ներկրման այդպիսի դեպքեր լինում են, ՊԵԿ-ի գործընկերները գտնում են ճանապարհներ՝ կանխելու դա:

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում արգելք դնելու հնարավորություն ունի 6 ամսով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետև երկարաձգվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Armenpress.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00