ՀՀ Կառավարության և «Ռենշինի» համատեղ նախագիծը՝ Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևանը հոկտեմբերի 16-ին համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր Colliers ընկերության հետ։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի կողմից պայմանագիրը ստորագրել է գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Տոնոյանը, իսկ Colliers, Middle East & India ընկերության կողմից՝ նախագահ և կառավարիչ-տնօրեն Սանկեյ Պրասադը: Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի և Colliers-ի միջև այս նշանակալի համագործակցության շնորհիվ Հայաստանի ներդրումային և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտը նոր մոտեցումներ կունենա՝ կառուցապատման և քաղաքաշինական նախագծերի մշակման և կառավարման տեսանկյունից, ինչն էապես կանդրադառնա ոլորտի և տնտեսության զարգացման վրա։
«Ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվող այս խոշորամասշտաբ ծրագիրը հետաքրքրել է համաշխարհային առաջատար այս ընկերությանը։ Հայաստանի կառավարությունը հետամուտ է լինելու, որ նաև Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծի միջոցով մեր երկիրը ներդրումների համար է՛լ ավելի գրավիչ և հետաքրքրական դառնա», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը պետական-մասնավոր համագործակցությամբ ամենախոշոր նախագիծն է Հայաստանում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից։ Այն առաջարկելու է նորագույն, բազմաֆունկցիոնալ անշարժ գույք՝ կոմերցիոն, գրասենյակային, հյուրանոցային տարածքներով, խանութներով և ցուցասրահներով։