ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։
Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։
«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները: Մենք մեծապես գնահատում ենք Խաղողի և գինու միջազգային կազմակերպության կենսական աշխատանքը վերջին 100 տարիների ընթացքում գինեգործական երկրների միավորման, ոլորտի կարգավորման և զարգացման խթանման գործում», - նշել է Գևորգ Պապոյանը:
Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանում խաղողագործության և գինեգործության հնագույն ավանդույթներին և հարուստ ժառանգությանը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից որպես տնտեսության գերակա ճյուղ ճանաչված հայկական խաղողագործությունը ներկայում վերածնունդ է ապրում։ Ոգեշնչված հազարամյա ավանդույթներով և դրանք համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ գինիներ։
Գևորգ Պապոյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են նաև Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ Դիժոն տեղափոխման պաշտոնական արարողությանը։
Միջոցառման և համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Գևորգ Պապոյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Աննի Ժենեվարի հետ։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները։
Հայկական պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկեր նախարարների հետ՝ անդրադառնալով գյուղատնտեսության և գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորություններին։