ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանների, նոր կամրջի, արագընթաց գնացքի, թուրքական ապրանքների, Հայաստանում նոր ստեղծվող ընկերություններին աջակցելու, զբոսաշրջային և այլ ծրագրերի մասին։
Զրուցել է Նելլի Դանիելյանը
-Վերջին շրջանի կարևոր տնտեսական իրադարձություններից է կառավարության գործարքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկի հետ, ինչից հետո եղան աղմկահարույց իրադարձություններ` սկսած աշխատակիցներին աշխատանքից ազատելու լուրերից, վերջացրած կողմերից մեկի դատարան դիմելով։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կա այս գործարքի տակ, որ հանրությունը չգիտի։
–Ես գիտեմ այնքան, որքան Դուք, որովհետև գործընթացները դեռ ընթանում են։ Որքան գիտեմ` «Գեոպրոմայնինգի» բաժնետերերի կողմից ԶՊԿ–ի բաժնետոմսերի 15 տոկոսն արդեն փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Մնացած մասով ունեմ շատ մակերեսային տեղեկություններ, որովհետև հանքարդյունաբերությունը և մետալուրգիան մեր ոլորտները չեն, մենք զբաղվում ենք այն հարցերով, որոնք վերաբերում են մեզ։
–Գործարանի աշխատակիցների ազատման վերաբերյալ ունե՞ք որևէ տեղեկություն։
–Ոչ։
–Վարչապետը նաև հայտարարեց, որ այս գործարքի դիմաց Հայաստանին խոստացել են ատոմակայան և պղնձի վերամշակման գործարան կառուցելու ծրագրեր։ Ի՞նչ պայմաններով են իրականացվելու այդ ծրագրերը։ Ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ կան։
–Այդ առթիվ ավելի շատ բան գիտեմ, որովհետև պղնձաձուլարանի նախագիծը ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցառումներից է, որը մենք ենք իրագործելու։ Նույն ընկերությունը, որը «Գեոպրոմայնինգի» տերն է, ռուսական խոշորագույն մասնավոր ընկերություն է և ներգրավված է ոչ միայն հանքարդյունաբերության, այլև գետային տրանսպորտի, խոր ջրային նավահանգիստների շահագործման և տարբեր այլ բնագավառների մեջ։ Պղնձաձուլարանի կառուցման հարցն այժմ քննարկվում է տվյալ ռուսական ընկերության հետ և ոչ միայն նրա հետ, քանի որ կան նաև եվրոպական, իրանական, չինական ու ռուսական այլ խմբեր։ Սկսել ենք խոսակցություն նաև ամերիկյան ընկերության հետ, սակայն դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ և ինչ մեծությամբ ու բաղադրությամբ կկայանա գործարքը։
Հնարավոր է, որ ատոմակայանով չլինի, այլ արևային էներգետիկայով և համապատասխան կայանով։ Պղնձաձուլարանը միայնակ չի գալիս, դրա հետ պետք է լինեն նաև կից արտադրություններ, որոնք պետք է օգտագործեն պղնձի արտադրությունից, մաքուր պղնձի կորզումից առաջացած մնացորդները։ Խոսքն առնչվում է հիմնականում ծծմբաթթվի օգտագործմանը։ Մեզ մոտ հավանաբար կլինեն ֆոսֆատային պարարտանյութերը և այլ` ավելի շատ շինարարական արտադրություններ։ Դա, կարելի է ասել, պղնձաձուլական կլաստեր է, քան թե լոկ միայն գործարան։
–Գործարանի կառուցման մոտավոր տեղն ու ժամկետները հայտնի՞ են։
–Վարչապետը հայտարարեց, որ 2025 թվականից կմեկնարկեն շինարարական աշխատանքները, բայց մենք անհամբեր ենք, ուզում ենք, որ ավելի շուտ պատրաստ լինի։ Խոսակցությունները շարունակվում են, տեսնենք, թե ինչ արագությամբ կընթանան, բայց մենք շատ վճռական ենք տրամադրված։ Պետք է հասկանալ, որ պղնձաձուլարանը ոչ միայն առանձին գործարան է, այլև մաքուր պղնձի արտադրություն, որի առկայությունը Հայաստանում արդեն թույլ է տալիս բազմաթիվ նոր արտադրություններ ստեղծել` սկսած շարժիչներից, մալուխներից, բազմաթիվ այլ արտադրանքներից։ Պղինձն այժմ ամենապահանջված մետաղն է, լայնորեն կիրառվում է էլեկտրական տեխնոլոգիաներում` մեքենաներից մինչև մալուխներ։
–Գործարանի հզորությունը թույլ կտա՞ վերջնականապես ասել, որ մենք այլևս խտանյութ չենք արտահանի։
–Բացի պղնձից, մենք արտահանում ենք նաև ուրիշ խտանյութեր։ Պետք է այնպես անենք, որ կոնկրետ պղնձի խտանյութն այլևս չարտահանենք։ Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի դրա ապահովումը։
–Հոկտեմբերի 19-ին Երևանում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարեց, որ ռուսական ընկերություններն առաջիկայում պատրաստվում են մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ։ Նշված ներդրումների ընդհանուր ծավալի առումով կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր։
–Կան մեծ գումարի ծրագրեր։ Հիմա Երևանի մետրոպոլիտենի երկու նոր կայարանի և նոր կամրջի կառուցման ծրագիր է քննարկվում։ Նախագծման տենդերը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Դա 500 միլիոն դոլարի նախագիծ է։
–Որքան հայտնի է, դա վարկային ծրագիր է։ Հայաստանի համար մեծ չէ՞ վարկի չափը` հաշվի առնելով, որ սա գործարան չէ, արտադրություն չէ, եկամուտ բերող բիզնես չէ։
–Ցանկացած ենթակառուցվածքային ներդրում ՀՆԱ–ի վրա ունի ուղղակի և անուղղակի ազդեցություն։ Ողղակի ազդեցությունը շինարարության ընթացքում առաջացած ՀՆԱ–ն է, բայց նաև նոր ճանապարհները, նոր ենթակառուցվածքները, մարդկանց շարժունակությունը հանգեցնում են նոր ՀՆԱ–ի և հենց թեկուզ այդ կայարանների վրա կամ դրանց մոտ կառուցվող անշարժ գույքի գները ձևավորում են նոր, ամենամյա կայուն ՀՆԱ, ինչը հաշվարկվում է ցանկացած նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ։ Դրանից հետո պարզ է դառնում` արժե՞ է կառուցել մետրոկայարան, ո՞րտեղ արժե կառուցել։
Բացի դրանից հիմա բավականին լուրջ աշխատում ենք նաև Երևան–Թբիլիսի արագընթաց գնացքի նախագծի վրա միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ և «Հարավկովկասյան Երկաթուղիներ», «Վրացական երկաթուղիներ» ընկերությունների մասնակցությամբ։ Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրող գնացքը հասնում է մոտ 9,5 ժամում, այն պարագայում, երբ արագացումից հետո դա հնարավոր կլինի անել 2,5 ժամում։ Հա՛մ ավելի մաքուր է, հա՛մ ավելի արագ է, նույնիսկ ինքնաթիռի համեմատությամբ, եթե հաշվի ենք առնում մի մայրաքաղաքի կենտրոնից մյուս մայրաքաղաքի կենտրոն հասնելու ճանապարհը։ Դա նաև շատ լավ է երկկողմանի զբոսաշրջության համար, կարժենա ոչ շատ թանկ։ Արագընթաց գնացքի նախագիծը գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար, մի քանի հատվածներում պետք է կառուցվի նոր երկաթուղի, ամբողջ երկաթուղին պետք է ամրացվի, որպեսզի գնացքները կարողանան առանց կանգառի, արագ ու անվտանգ երթևեկել։
Մեր ունեցած գնացքները բավարար են, խոսքը մինչև 160կմ/ժ արագության մասին է։ Բոլոր կողմերը նախագծին վերաբերվում են մեծ ոգևորությամբ, իսկ միջազգային գործընկերները խրախուսում են ռեգիոնալ զարգացմանը միտված ծրագրերը։ Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը երջանիկ կլինեն ֆինանսավորել գործարքը, ինչը բնականաբար կլինի տեխնիկատնտեսական հիմնավորումների պարագայում։
–Էներգետիկայից, տրանսպորտային ենթակառուցվածքներից բացի ուրիշ ի՞նչ խոշոր ծրագրեր կան։
–Ծրագրերը շատ են։ Օրինակ` սկսելու ենք Սևանա լճի շրջակայքի ամբողջական զարգացման պլանի նախագծումը, որովհետև լիճը կարող է դառնալ ներդրումների համար շատ գրավիչ աղբյուր։ Նախագիծը կմշակենք` ներգրավելով հոլանդական և ռուսական ճարտարապետական բյուրոների։ Պետք է այնպես անենք, որ Սևանա լիճը չընկալվի որպես սեզոնային գոտի, որտեղ մարդիկ կկարողանան ժամանակ անցկացնել նաև տարվա մյուս ամիսներին։ Այդտեղ պետք է լինի հստակ կանոններով զբոսաշրջային ու բնակելի լավ միջավայր, որպեսզի այդ գոտին ունենա ոչ թե հախուռն, տարերային, այլ կանոնակարգված, կազմակերպված, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերով հիմնավորված զարգացում։ Հա՛մ բնությունը պահպանենք, հա՛մ ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծենք։
–ԵՄ-ն նույնպես տնտեսական ներդրումային պլանի ներքո Հայաստանին խոստացել է 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն։ Այստեղ ի՞նչ ծրագրեր կան։
–ԵՄ-ի հետ մեր համագործակցության 2,6 միլիարդ եվրոյի փաթեթն իրականում բաղկացած է յոթ հիմնական բաժիններից։ Դրանք են`«Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիրը», որտեղ հիմնական երեք ուղղությունները ներառում են`մասնագիտական կրթության զարգացումը, որակի ենթակառուցվածքների ու ստանդարտների բարելավումը և սկսնակ ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը։ Իրականում ցանկանում ենք ստեղծել ինկուբատոր, որտեղից ծնված նոր փոքր ու միջին ձեռնարկությունները դուրս կգան ավելի ուժեղացած։ Հիմա Հայաստանում նոր ստեղծվող ընկերություններից 1000-ից երկուսն են սովորաբար մեծանում, մյուսները կա՛մ փակվում են, կամ՛ մնում են փոքրածավալ։
–Խոսքը բիզնեսի աջակցության մասի՞ն է, թե՞ ավելի շատ կրթական ծրագրերին է միտված։
–Դա ավելի շուտ էկոհամակարգ է, որում պետք է լինեն բոլոր բաղադրիչները։ Եթե մարդն ունի գաղափար, ապա պետք է կարողանա այն քննարկել խելացի կամ փորձառու մարդկանց հետ։ Եթե գաղափարը լավն է, բիզնես պլանը` նույնպես, ապա գումարներ գտնելու հարցում պետք է լինի աջակցություն, որպեսզի բիզնեսը չվտանգվի։ Իսկ եթե բիզնեսն արդեն բավականաչափ մեծ է, կարող են թողնել ինքնուրույն նավարկության։ Եկամտաբերությունը պարտադիր չէ, որովհետև բազմաթիվ ստարտափեր մնում են վնասաբեր, քանզի ուզում են արագ աճել։
Եվրոմիության ներդրումային ծրագրով ՓՄՁ–ներին կհատկացվի մոտավորապես 500-600 միլիոն եվրո։ Երկրորդ նախագիծը վերաբերում է թվային օրակարգին, որի առթիվ կա 300 միլիոն եվրոյի ծրագիր։ «Կանաչ Երևան» ծրագրին հատկացվելու է 120 միլիոն եվրո, Սյունիքի աջակցության ծրագրին` 80 միլիոն եվրո, «Հյուսիս–Հարավ» ծրագրում ներդրումները կազմում են շուրջ 600 միլիոն եվրո, ջրային համակարգի վերափոխման համար նախատեսված է մոտ 500 միլիոն եվրո։
–«Հյուսիս-Հարավ» ճանապարհի ո՞ր հատվածին է ուղղվելու գումարը։
–Մեր գործընկերները կֆինանսավորեն հենց այն հատվածը, որը կառավարության կողմից հաստատվել է վերջերս։ Դա Քաջարան–Սիսիան հատվածն է, որի վերաբերյալ արդեն մտնում ենք շինարարության մրցութային փուլ։
–Հոկտեմբերին ռուսական կողմի հետ տնտեսական միջոցառումների շրջանակում ասվեց, որ նաև ռուսական կողմն է շահագրգռված «Հյուսիս–Հարավ»-ով։ Այդ առթիվ կա՞ որևէ նախագիծ, ո՞ր հատվածն է հետաքրքրում ռուսական կողմին։
–Տենդերը բաց է և վերաբերում է բոլոր հատվածներին։ Շինարարական ընկերությունները կարող են մասնակցել մրցույթին։
–Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ բիզնեսի արտադրողականության բարձրացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն։ Ի՞նչ փուլում է Ձեր խոստումը։
–Մենք արդեն պատրաստել ենք երեք հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են լինելու բիզնեսի արտադրողականության աճին։ Դրանցից մեկն ընկերություններին օգնելն է, որպեսզի նրանք արտադրական պրոցեսներն արդիականացնեն։ Այսինքն` շատ մատչելի պայմաններով ներգրավեն աշխարհի լավագույն ընկերություններում աշխատած բարձրակարգ մասնագետներին, որպեսզի նրանց օգնությամբ կարողանան արդիականացնեն իրենց բիզնես պրոցեսներն ու բարձրացնեն արտադրողականությունը։
Մյուսը թվայնացմամբ արտադրողականությունը բարձրացնելն է, մարդկային ուժի փոխարինումը թվային տեխնոլոգիաներով։ Այստեղ ցավով նշեմ, որ հայաստանյան ընկերությունների 91 տոկոսը, համաձայն մեր ուսումնասիրությունների, չի կարող համարվել թվային առումով հասուն։ Դրա համար էլ մեր երկրորդ ծրագիրն ուղղված է լինելու ընկերությունների թվայնացմանը։ Իսկ երրորդ ծրագիրն ուղղվելու է սարքավորումների արդիականացմանը։ Այդտեղ առաջարկելու ենք լիզինգային ծրագիր` սուբսիդավորելով տոկոսները, որպեսզի ընկերությունները կարողանան անկաշկանդ թարմացնել իրենց սարքավորումների պարկերը` առկա համակարգերը փոխարինելով գերժամանակակից սարքավորումներով, ինչը, անշուշտ, կնպաստի արտադրողականության բարձրացմանը։
Հիմա նշված ծրագրերի նախագծման փուլն է, մինչև տարեվերջ դրանք կհաստատվեն։ Մենք ունենք թիրախային ցուցանիշներ։ Օրինակ` առաջինն առնչվում է օտաերկրյա մասնագետների ներգրավմանը։ Ուզում ենք տարվա կտրվածքով լավացնել ավելի քան 200 ընկերություն։ Սարքավորումների ու գերակա ոլորտների մասով էլ մեր առաջարկն առնչվում է անսահմանափակ վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ եթե բանկը հաստատի վարկը, մենք ֆինանսավորելու գործում խնդիր չենք ունենա։
–Դեկտեմբերին կլրանա շուրջ մեկ տարին, երբ մենք հրաժարվեցինք թուրքական ապրանքներից։ Շարունակելո՞ւ ենք հրաժարվել, թե՞ փոխելու ենք մեր մարտավարությունը։
–Հիմա մենք վերլուծում ենք թուրքական ապրանքների արգելքիազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, դրա հետ կապված կկայացվեն համապատասխան որոշումներ։ Էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ արգելքն, անկախ տնտեսական ազդեցությունից, պետք է շարունակվի մինչև այն պահը, երբ հարաբերությունները սիմետրիկորեն կկարգավորվեն, այսինքն` մենք էլ կկարողանանք ապրանքներ արտահանել Թուրքիա։
–Սպառողները շուկայում դեռ տեսնում են թուրքական ապրանքներ, կան կոնկրետ թուրքական ապրանքանշանով խանութներ։
–Հիմա շատ ավելի քիչ է հանդիպում։ Մենք անընդհատ կատարում ենք փոփոխություններ, որպեսզի սահմանափակումներն ավելի խստանան, և օրենքը գործի ամբողջ ուժով։ Թուրքական ապրանքները գնալով ավելի հազվադեպ են երևում խանութներում, քան մի քանի ամիս առաջ։ Մենք հասկանում ենք, որ կան սողանցքներ, որոնցից օգտվում են տնտեսվարողները, և հերթով զմռսում ենք դրանք։
–Կոնկրետ աշխատանքներ տարվու՞մ են տնտեսվարողների համար ներկրման երկրների աշխարհագրությունն ընդլայնելու, գուցե ԵԱՏՄ ուղղորդելու առումով։
–Կարծում եմ, որ դրա կարիքը չկա։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ ապրանք են վաճառում։ Դա մեծ պրոբլեմ է, չեմ ժխտում, որ մարդիկ շարունակում են վաճառել ու ներկրել։ Օրենքն ամբողջ ուժով չկիրառելու հանգամանքը խոսում է մեր ինստիտուտների անկատարության մասին, բայց պետք է նաև հասկանալ` քանի որ գտնվում ենք մեծ մաքսային միության մեջ, որտեղ ապրանքները տեղաշարժվում են ազատ, հետևաբար դժվարություններ այսպես, թե այնպես ունենում ենք։
Պատկերացրեք` մի ապրանք արգելված է Աբովյանում, բայց Երևանում արգելված չէ, այսինքն` երբ ապրանքը մտնում է ԵԱՏՄ տարածք, դառնում է այդ տիրույթի ապրանք և մաքսային վերահսկողություն բնականաբար չկա։ Հաշվի առնելով, որ սահման չունենք ակումբակից երկրների հետ, շատ դժվար է, քանի որ մաքսազերծման որևէ փաստաթուղթ չկա, ապրանքները կապարակնքված գալիս են, այստեղ կնիքն ուղղակի հանում են։
–Թե՛ հանրության շրջանում , թե՛ Ազգային ժողովում բավական բուռն քննարկման առարկա է դարձել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, որի համաձայն` անամորյա հանգստյան օրերը կրճատվելու են։ Այս քայլի հիմքում տնտեսական հաշվարկներ կա՞ն։
–Հաշվարկներն արված են և հիմնավորումներն էլ ներկայացվել են։ Իհարկե ընդդիմադիր գործընկերներն այդքան էլ համաձայն չեն։ Մեր կարծիքով` ներկայացրել ենք ամենահամեստ հաշվարկները, թե որքան է կորցնում տնտեսությունն այդ մի քանի ավել օրվա ընթացքում մարդկանց հանգստանալու արդյունքում։ Ըստ մեր ամենահամեստ հաշվարկների` ամեն տարի ՀՆԱ–ի 88 միլիարդ դրամի արդյունք ենք կորցնում։ Տարին փոխվում է և այդ ցուցանիշն ավելի է մեծանում։ Թողարկման ծավալը մոտավորապես 120 միլիարդ դրամ է կազմում։ Ներկայացրել ենք նաև տարբեր ոլորտներում տարբեր չափերի կորուստները։ Խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքակրթական, ավելի շուտ մերօրյա մարտահրավերների գիտակցումն է ու դրանց համապատասխան գործելը։
Մենք դեռևս ամբողջությամբ չենք գիտակցում և չենք արել հետևություններ, թե ինչպես պետք է փոխվենք, որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերներին։ Եթե մեզանից յուրաքանչյուրը չմտածի իր կարգապահության, իր ամբիցիաների, ձգտումների ու տված արդյունքների մասին, ապա հաջորդ պատերազմը կավարտվի նույն կերպ։ Իհարկեամեն ինչ անում ենք, որպեսզի գնանք խաղաղ հանգուցալուծման, բայց կա ռուսական ասացվածք` եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։
–Նախորդ վարչապետներից Կարեն Կարապետյանին չհաջողվեց համոզել, որ մարդիկ պետք է ավելի քիչ հանգստանան, Ձեզ կհաջողվի՞ համոզել։
–Ճիշտ է, նախագիծը հակասական է, բայց ես զմայլվում եմ շվեյցարացիների օրինակով, որոնք որոշ ժամանակ առաջ մերժեցին օրենսդրական նախագիծը, որն առնչվում էր վճարովի արձակուրդային օրերի քանակն ավելացնելուն։ Մարդիկ դեմ քվեարկեցին, որովհետև հակառակ կողմը` բիզնեսը, նրանց ասաց, որ եթե նման բան լինի, ապա կդառնան ավելի քիչ մրցունակ, կկորցնեն եկամուտներ, ու կվտանգվեն աշխատատեղերը։
–Ձեր մտերիմների շրջանում կա՞ն մարդիկ, ովքեր հակառակվում են Ձեզ։
–Իմ մտերիմների շրջանում շատ են այնպիսի մարդիկ, ովքեր ողջագուրվում են ինձ հետ ու ասում, որ վերջապես կատարեցի այդ քայլը, թեև դա միայն իմ որոշումը չէ, հարցը քննարկել ենք թիմով։ Ես հարվածներ ընդունելուց չեմ վախենում, եթե կարծում եմ, որ դա ճիշտ է, կարևոր է մեր ազգի համար, որին ծառայում եմ, ուրեմն պատրաստ եմ հարվածներին` հավատալով, որ իմ աշխատանքի արդյունքը մարդիկ որոշ ժամանակ անց կզգան իրենց կյանքի որակի բարելավման վրա։