Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է՝
ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:
Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին:
Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն:
Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել։
ՊՈԱԿ-ի տնօրենը 24-ժամյա ռեժիմով խորհրդակցել և վիճակը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, անձամբ հսկել և կազմակերպել իրականացվող միջոցառումները: Անասնաբույժների կողմից իրականացված գործողությունների արդյունքում՝ կլինիկական նշաններ ունեցող անասնագլխաքանակի շուրջ 85-90 տոկոսի մոտ ժամեր անց արձանագրվել է հիվանդության կլինիկական նշանների նահանջ և վիճակի բարելավում: Այսօր կենդանիների անկումներ չեն գրանցվել և անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատվում է կայուն և վերահսկվող։
Իրավիճակը գտնվում է տնօրենի անմիջական վերահսկողության տակ, իսկ աշխատանքները տարվում են ըստ անհրաժեշտության։
Հարկ ենք համարում նշել, որ ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումներն ու հակահամաճարակային միջոցառումները։ Նշված համայնքներում մանր և խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվել են ապրիլի սկզբին, իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը՝ հունիսին, ինչպես և նախատեսված է հակահամաճարակային պլանով։