ԵՄ-ն կստեղծի միասնական պլատֆորմ. Հայաստանի տնտեսվարողներն արտահանման ընթացակարգերին կծանոթանան ավելի պարզեցված կարգով

Հայաստանի տնտեսվարողները Եվրամիության երկրներ արտահանման գործընթացին, բոլոր ընթացակարգերին կծանոթանան ավելի պարզ կերպով՝ մեկ հարթակում: ԵՄ-ն կստեղծի միասնական պլատֆորմ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ այս մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Բրյուսելում ապրիլի 9-11-ը կայացած Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմի նիստին:

-Պարոն Ավանեսյան, ի՞նչ հիմնական հարցեր եք քննարկել պլատֆորմին, ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ եք ձեռք բերել։

-Հայաստանի կառավարությունն ու ԵՄ-ն ակտիվ համագործակցություն ունեն: Սա, կարելի է ասել, որ ամփոփիչ կոնֆերանս էր, որի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, հիմնականում տնտեսական բնույթի՝ սկսած առևտրային կապերի բարելավումից մինչ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցություն: Առևտրի հարցերից հիմնականում քննարկվել է, թե ինչպես հնարավորություններ ստեղծել Հայաստանի տնտեսվարողներին ավելի լավ տեղեկացված լինել ԵՄ արտահանելու համար անհրաժեշտ ընթացակարգերից, շուկայի կանոններից ու հնարավորություններից: Այս տեսանկյունից ԵՄ-ն նախաձեռնել է ստեղծել միասնական պլատֆորմ, որում ներկայացված կլինեն այդ ամբողջ ընթացակարգերը:

- Ի՞նչ է ենթադրում միասնական պլատֆորմը և ի՞նչ հնարավորություններ կտա հայաստանցի տնտեսվարողներին:

-Ինձ թվում է դա բավականին կարևոր է, ինֆորմացիայի տարածման գործիք է: Օրինակ, եթե հայաստանցի տնտեսվարողը ցանկանում է խնձոր արտահանել Ֆրանսիա, որտեղի՞ց պետք է ստանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ ստանդարտների պետք է համապատասխանի: Ենթադրվում է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը պետք է հավաքվի մեկ տեղում, այն քայլ առ քայլ պարզ ձևով ներկայացվի տնտեսվարողներին : Սա արտահանողի համար առաջին քայլն է, ամբողջական գործընթացը բացատրելը շատ դժվար կլինի: Պետական ստանդարտներից բացի կան նաև մասնավոր ստանդարտներ: Այդ մասով էլ ենք փորձում աշխատանքներ տանել: Բայց հիմնական առաջնային տեղեկությունն արտահանողի համար հասանելի կլինի:

-Պարոն Ավանեսյան, պլատֆորմն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է առևտրային կապերը ամրապնդելու ու զարգացնելու համար, այլ ի՞նչ հարցեր եք քննարկել, որոնք կարող են հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը ԵՄ երկրներ:

- Իհարկե, քննարկում է եղել նաև այն բանի շուրջ, որ միայն տեղեկատվության հասանելիությունը բավարար չէ, հայկական ընկերությունները պետք է մրցունակ լինեն: Դա կարելի է ապահովել կրթական ծրագրերի միջոցով, ֆինանսավորման հասանելիությամբ, վերջինս, սակայն, մեր փոքր ու միջին բիզնեսի համար բավականին մեծ խնդիր է: ԵՄ-ն այս առումով մի շարք գործիքներ ունի, որոնք սակայն հասանել էին խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքած երկրներին: Մենք բարձրացրել ենք այն հարցը, թե արդյոք հնարավոր չէ, որ ազատ առևտրի գոտու համաձայնագիր չունեցող երկրները նույնպես հնարավորություն ունենան այդ գործիքից օգտվելու: Դա ԵՄ-ի կողմից բավականին լավ է ընդունվել: Եվ մենք այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել ենք աշխատանքները: Քննարկել ենք, թե մեր տնտեսվարողներն ինչպես կարող են բավարարել տեխնիկական պահանջներին: Դրա համար ՀՀ-ում պետք է ենթակառուցվածքները բարելավվեն, որ մեր արտադրողները կարողանան ցույց տալ, որ իրենց արտադրանքը բավարարում է շուկայի պահանջներին:

-Իսկ ՓՄՁ ոլորտի վերաբերյալ ի՞նչ քննարկումներ եք ունեցել, այս ոլորտում ԵՄ-ի և գործընկերության անդամ պետությունների հետ համագործակցության հեռանկարներ նախանշվել են արդյոք:

-Երկրները ներկայացրել են նաև, թե ՓՄՁ ոլորտում ինչ են նախաձեռնում և ինչ ինստիտուտներ ունեն: Մենք ներկայացրել ենք ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն-ինստիտուտը, որը ոլորտի աջակցության հիմնական գործիքներից է: Գործիքը աշխատում է հետևյալ կերպ՝ պետությունը խորհրդատվություն է տրամադրում այն անձանց, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել՝ հիմնականում մարզերում: Սակայն կա նաև երաշխավորման խնդիր, և ՓՄՁ ԶԱԿ-ն ունի երաշխավորման ֆոնդ, որը հետագայում հիմնադրամի կողմից բարձր գնահատված ծրագրերը երաշխավորում է: Առկա է ռիսկերի կառավարման եռաստիճան համակարգ: Եվ այս առումով գործընկեր պետությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել՝ գալու, ծանոթանալու այդ համակարգին, ներդնելու նաև իրենց մոտ: ԵՄ-ի հետ գործիքներ ենք նախանշել, որոնցով կկարողանանք մեր ՓՄՁ-ի կարողություններն ավելի զարգացնել: ԵՄ-ն բավականին լավ գործիքներ ունի, դեռևս բանակցում ենք դրանց շուրջ: Նախնական պայմանավորվածություն է եղել նաև, որ Արևելյան գործընկերության պետությունների միջև գործարար համայնքին տրվող աջակցության փորձի փոխանակում պետք է լինի: Մեր ՓՄՁ աջակցության կազմակերպությունները միմյանց հետ աշխատելու են, փորձի փոխանակում են կատարելու: Օրինակ, Շվեդիայի մոդելը բավականին հետաքրքրել է Հայաստանին:

Armenpress.am
Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00