ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ հունիսի 7-ին կազմակերպել էին համաժողով՝ նվիրված Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան։ «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» խորագրի ներքո անցկացված այց միջոցառումն ընդգծեց սննդամթերքի չափորոշիչների կենսական նշանակությունը հանրային առողջության ապահովման և առևտրային արդար գործելակերպերի երաշխավորման գործում։
Համաժողովը մեկտեղել էր տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների, քաղաքականություն մշակողների և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու սննդամթերքի ստանդարտների կարևորությունը սպառողների պաշտպանության և սննդի կայուն համակարգերի խթանման գործում: Քանի որ այս տարի նշվում է նաև ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի գործակցությամբ հիմնված Codex Alimentarius-ի («Սննդամթերքի օրենսգիրք») հանձնաժողովի 60-ամյակը, համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել դրանում նշված դրույթներին հետևելու կարևորությանը:
Իր ողջույնի խոսքում Աշխեն Շիրվանյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, սննդամթերքի անվտանգության ապահովումն առաջնային խնդիրներից մեկն է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմին, մշտապես քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ։
Նախարարության կողմից ոլորտում իրականացվող նախաձեռնությունների թվում Աշխեն Շիրվանյանը հատկապես կարևորել է վերջերս ընդունված սննդամթերքի անվտանգության ապահովման ռազմավարությունը, որը ներառում է մի շարք միջոցառումներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարողությունների հզորացում, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում և ուսուցում։
Միջոցառման ընթացքում տեսաուղերձով ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
«Հավատարիմ մնալով սննդամթերքի համաշխարհային ստանդարտներին՝ կարող ենք ապահովել սննդի անվտանգությունը և պաշտպանել անհատների և համայնքների բարեկեցությունը՝ միաժամանակ նպաստելով մեր հասարակությունների կայուն զարգացմանը: Այս տարի նշելով Codex Alimentarius-ի հանձնաժողովի 60-ամյակը, մենք հավաստում ենք բոլորի համար, ամենուր և բոլոր ժամանակներում անվտանգ սննդամթերքի չափանիշների սահմանման ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը», - ասել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր տեսաուղերձում: «Միասին մենք կարող ենք ապահովել, որ սննդամթերքի ստանդարտները շարունակեն կյանքեր փրկել և ճանապարհ հարթել անվտանգ, սննդարար և դիմակայուն պարենային համակարգերի համար՝ հօգուտ բոլորի»:
Համաժողովը հնարավորություն ընձեռեց խորացնելու մասնակիցների գիտելիքները սննդամթերքի անվտանգության և դրա ապահովման գործում ներգրավված բոլոր կողմերի դերի կարևորության շուրջ: Գիտելիքների և փորձի փոխանակումը նպաստեց նորարարական լուծումների և լավագույն փորձի բացահայտմանը, ինչը կօգնի հասնել Կայուն զարգացման նպատակներին և ստեղծել կայուն ու ներառական ապագա: Մասնակիցներն ուսումնասիրեցին առողջության խթանման, սննդային հիվանդությունների կանխարգելման և կայուն զարգացման ապահովման գործում սննդամթերքի ստանդարտների ունեցած դերը:
Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին անհատների ու կազմակերպությունների ունեցած նշանակալի ներդրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում։