Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ՀԱԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շնորհակալություն հայտնելով նախարարին քննարկմանը մասնակցելու համար՝ ՀԱԱՊ խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների ու հետագա անելիքների հետ կապված քննարկումները շարունանական կլինեն։
Վահան Քերոբյանը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։
Նախարարը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտի մի քանի ճյուղերում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև պարենային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը։
Վահան Քերոբյանն առանձնակի կարևորություն է տվել Տնտեսության արդիականացման ծրագրին, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Նախարարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների հետագա գործունեությանը, լոգիստիկ խնդիրներին, տնտեսության թվայնացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։