Գիտական կենտրոններ ճանաչողական այցերի շրջանակում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը այց են կատարել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ինստիտուտի գիտական ներուժին, իրականացվող հետազոտություններին, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներին, տեխնիկական զինվածությանը և առկա խնդիրներին։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ինստիտուտի լաբորատորիաներում իրականացվող աշխատանքները, գիտական խմբերի հետազոտությունները։
Ռաֆայել Գևորգյանը կարևորել է գիտական կենտրոնների և տնտեսության զարգացման կապը, ներկայացրել պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, որոնք կարող են նպաստել գիտություն-տնտեսություն կապի ակտիվացմանը և գիտական արտադրանքի առևտրայնացմանը։ Քննարկվել են հարցեր` կապված ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ֆինանսավորման, ներդրումների ներգրավման, հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, պետական աջակցության մեխանիզմերի կիրառման հետ։
Քննարկումից հետո Ռաֆայել Գևորգյանը և Հայկ Մարգարյանը ինստիտուտի տնօրենի ուղեկցությամբ շրջել են ինստիտուտի տարածքով, ծանոթացել լաբորատորիաներում իրականացվող հետազոտություններին, տեխնիկական հագեցվածությանը, առկա սարքավորումներին, զրուցել գիտական խմբերի ներկայացուցիչների և ուսանողների հետ։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են գենոմիկայի ոլորտում բազմակողմանի հետազոտություններ, որոնք ուղղված են՝
Հայաստանում քաղցկեղների և այլ բազմագործոն հիվանդությունների գենետիկական ռիսկերի բաշխման ուսումնասիրությանը, վիրուսների հետազոտմանը, հիվանդությունների հետ կապված գենետիկական նոր գործոնների բացահայտմանը, Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի գենոտարբերակների մոլեկուլա-գենետիկական բնութագրմանը, Հայկական գենոմի ծագումնաբանության պարզաբանմանը, Հայկական լեռնաշխարհի հնագույն կենսամիջավայրի գենետիկական վերականգնմանը, խաղողի գենոմի ուսումնասիրությանը և արժեքավոր գյուղատնտեսական կուլտուրաների գենետիկական ռեսուրսների անձնագրավորմանը և պահպանմանը։
ՄԿԻ գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում` ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ դրանց խանգարումների պարզաբանմանը:
Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico` գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: