Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի է ունեցել Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված խելացի լուծումների կիրառությանը տնտեսության մեջ (Digital Smart Economy)։
Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, ով արժանացել է GIT Award 2020-ի մրցանակին։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա նշել է, որ խորհրդանշական է միջոցառման տեղի ընտրությունը․ «Մատենադարանում, պատմական վերափոխումների հենքի վրա կանգնած, խոսել ապագայի, թվային տեխնոլոգիաների կիրառության մասին՝ շատ ոգեշնչող է»:
Իր խոսքում նա կարևորել է թվային տեխնոլոգիաների զարգացումը և տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության մեջ, նաև նման միջոցառումների անցկացումը, քանի որ պետություն-մասնավոր երկխոսությունը հանդիսանում է այն առանցքային կետը, որը կբերի տնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության աճին։
«Կառավարության գործողությունների ծրագրում մեծ տեղ է հատկացված աշխատուժի արտադրողականության աճին, և 5-ամյա ծրագրի արդյունքում մեր կողմից թիրախավորված բավականին հավակնոտ ցուցանիշին հասնելու համար շատ կարևորում ենք թվային գործիքների ավելի լայն կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Առաջիկայում նախատեսում ենք ստեղծել ՓՄՁ թվայնացման ռազմավարություն, որտեղ կարևոր կետ ենք համարում հենց փոքր և միջին ձեռնարկատիրության մեջ թվային գործիքների կիրառումը», - հավելել է Ռաֆայել Գևորգյանը։
Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև «Թվային խելացի տնտեսության շարժիչ», «ՏՀՏ ենթակառուցվածք», «Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացում» և «Թվային տնտեսության մարտահրավերներ» թեմաներով պանելային քննարկումներ։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև փոստային բացիկի մարման արարողությունը։ Նոյեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրվել «Բարձր տեխնոլոգիաներ․«Սիլիկոնյան սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ։