Հոկտեմբերի 18-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Տաշիր քաղաքում հիմնված «Ամպեր» ՓԲԸ և ծանոթացել էլեկտրական մալուխների արտադրության ժամանակակից գործարանի արտադրական հզորություններին, ընկերության ղեկավարության հետ քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Մեծ արտադրական ծավալներ ունեցող ընկերությունն աշխատում է բարձր արտադրողականությամբ և ներկայումս ունի 40 աշխատող։
ՀՀ կառավարության 2021 թ․ հուլիսի 8-ի N 1104-Ա որոշմամբ ընկերությանը տրամադրվել է արտոնություն ՀՀ կառավարության 2017 թ․ հոկտեմբերի 5-ի՝ «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 1235-Ն որոշման շրջանակներում։ Կարգի համաձայն՝ արտոնություն է տրամադվում այն ծրագրերին, որոնք համապատասխանում են կառավարության կողմից նախատեսված հետևյալ չափորոշիչներին՝ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն, զբաղվածության ընդլայնում, նորարարության կիրառում և արտադրողականության բարձրացում, արտահանմանը միտվածություն։
«Ամպեր» ընկերությունն առաջինն է, որ ստացել է նման արտոնություն։ Այն նախատեսում է ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարից նվազեցում՝ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։
Նույն օրը Վահան Քերոբյանն այցելել է նաև «Տաշիր ագրո» ՓԲԸ, շրջել ֆերմայի տարածքով, ծանոթացել աշխատանքներին։
«Տաշիր ագրո» ընկերությունն այս տարի, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում, ձեռք է բերել 288 գլուխ սիմենթալ ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Կառուցվել են անասնագոմեր ու հարակից շինություններ։ Ընկերությունն առաջիկայում նախատեսում է զգալիորեն ավելացնել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։