Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։
Այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ, որով սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։ Որոշումն ուղղված էր ԵԱՏՄ-ում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին անդամ պետությունների տնտեսվարողների համար մասնակցության հավասար պայմանների ստեղծմանը, ինչը լավ հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու։
Սա լավ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր 135․32 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․
Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետևյալ ոլորտները՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը։
Գնումներին մասնակցելու համար տնտեսվարողները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն և գրանցվեն միասնական ռեեստրում։
Հայաստանի ազգային ռեեստրի վարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ընձեռված հնարավորություններից օգտվելու կանոնները ներկայացնելու և մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարար համայնքի համար նախաձեռնել է մի շարք ճանաչողական սեմինարներ և քննարկումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին օգտվել ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու հնարավորությունից։
Գործընթացին մասնակցելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի տնտեսվարողները կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն, հեռ․՝ 011 597 153, 011 597 151։