Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։
Ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է՝ ձեռնակատիրական հմտությունների զարգացման, գաղափարների իրագործման, մրցունակության բարձրացման միջոցով, որը հնարավորություն կտա նաև ապահովել ՓՄՁ-ների համար ներքին և արտաքին շուկաների հասանելիությունը։
Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ձևավորմանը։
Ռազմավարության ընդունման արդյունքում 2020-2024 թվականներին իրականացվելիք միջոցառումների թվում են ձեռներեցական հմտությունների զարգացմանը և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների իրականացումը, որին կմասնակցեն տարեկան միջինում հազարից ավել շահառուներ։ Դասընթացներն արդեն իսկ մեկնարկել են, որոնց մասնակցելու համար հայտ է ներկայացրել թվով 591 շահառու (500-ը բավարարում են չափանիշներին)։ Դասընթացի սկզբում շահառուներն անցնում են թվային գրագիտության ստուգման թեստ, որի արդյունքներով, ըստ անհրաժեշտության, մասնակցում են թվային հմտությունները (այդ թվում՝ համացանցից և թվային տարբեր գործիքներից օգտվելու հմտություններ) զարգացնող դասընթացին։ Թվային գրագիտության բարձրացմանը հաջորդում է ձեռներեցական հմտությունների զարգացման դասընթացը, որի ավարտին շահառուները նախնական բիզնես գաղափարը կարողանում են վերափոխել բիզնես ծրագրի, իսկ դրանցից իրատեսականներն ու իրագործելիները ստանում են վարկային երաշխավորություն (ընդ որում, կանանց շրջանում ձեռնարկատիրության խթանման նպատակով կին ձեռներեցներին տրամադրվող տոկոսադրույքը առավել ցածր է՝ 7 տոկոս 9-ի փոխարեն)։
Դասընթացները մեկնարկում են շաբաթական պարբերականությամբ։ Ներկայումս թվային գրագիտության դասընթացն ավարտել են թվով 50 շահառուներ, ևս 50–ի համար դասընթացն ընթացքի մեջ է։ Ձեռներեցական հմտությունների զարգացման դասընթացին մասնակցում են թվով 120 շահառուներ։ Դասընթացների ավարտին կենսունակ գաղափարների իրագործման խթանման նպատակով նախատեսվում է այս տարի շուրջ 250-300 կազմակերպությունների տրամադրել վարկային երաշխիքներ։
Ներքին և արտաքին շուկաների հասանելիության բարձրացման նպատակով աջակցություն կտրամադրվի կազմակերպությունների՝ միջազգային առևտրի հարթակներում ներկայացվածության, ինչպես նաև Հայաստանում առցանց առևտրի զարգացման համար։ Այս համատեքստում սահմանված թիրախներին հասնելու համար հատկապես կարևոր է նաև ռազմավարությամբ նախատեսված նորարարության և թվայնացման խթանման միջոցառումների իրականացումը։
ՓՄՁ-ներում արտահանման խթանման նպատակով առանձնացվելու են արտահանման ներուժ ունեցող կազմկերպությունները, բացահայտվելու և ուսումնասիրվելու են արտաքին շուկաներում առկա խոչընդոտները, կատարվելու է պահանջարկի վերլուծություն, որի արդյունքում էլ տրամադրվելու է թիրախային աջակցություն։
Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման նպատակով նախատեսվում է բարելավել ՓՄՁ վիճակագրությունը, ինչպես նաև ապահովել կրթական, վերլուծական և տեղեկատվական նյութերի առցանց հասանելիությունը՝ ձեռնարկատիրությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար։
Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023 թվականների արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։
Ռազմավարությամբ սահմանված թիրախային գործողությունների արդյունքում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։
Ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, սակայն վերանայվել և արդիականացվել է համավարակի հետևանքները արտացոլելու և Կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների և մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար։
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։ Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։