ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /02.04.2026, N 440-Ն/։
2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1933-Ն որոշումը, որով 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է սակագնային քվոտա՝ 8,0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ։
ԵՏՀ Խորհրդի հունվարի 30-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին» N 18 որոշման համաձայն՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 7,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։
ՈՒշադրություն !!!
Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ընկերության կանոնադրությունը և տեղեկություն՝ նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման (բացառությամբ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների), արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։
Ուղեկցող գրությունը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։