ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N1765-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N353-Ն որոշմամբ սահմանվել է՝ 2023 թվականի ընթացքում սակագնային քվոտայի կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների մսի 11.3 հազ տոննա ծավալից 10.0 հազ․ տոննա ծավալով մսի ներմուծման հանդեպ լրացուցիչ սակագնային արտոնություն /0% մաքսատուրքի կիրառում/։
Հարկ է նշել, որ նախկինում ԵԱՏՄ անդամ պետությունների համար հաստատվել է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների և խոզի միս, թռչնամիս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում, որի շրջանականերում՝ 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 11.3 հազ․տոննա խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա, ինչը ենթադրում է գործող 50% մաքսատուրքի փոխարեն 15% մաքսատուրքի կիրառում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2023 թվականին ընդունված նոր որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված 11.3 հազ տոննայից 10.0 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով սահմանվել է ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն՝ 15% ներմուծման մաքսատուրքի փոխարեն 0% ներմուծման մաքսատուրքի կիրառում։